Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները «անիմաստ են և անարդյունավետ» և ընդգծել է, որ իրեն իրավունք է վերապահում վետո դնել այն պատժամիջոցների վրա, որոնք կհակասեն իր երկրի շահերին: Ավելին՝ նա գտնում է, որ քանի դեռ չկա արդեն իսկ կիրառվող պատժամիջոցներից որևէ արդյունք, նորերը մտցնելու կարիք ևս չկա: Իսկ նրա լատվիացի պաշտոնակից Լայմտոդ Ստրաույուման հայտարարել է, որ իր երկիրը պատժամիջոցների կիրառման հարցում այլևս առաջամարտիկ չէ, ավելին՝ որևէ մեկը դա չի ուզում:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Լատվիայում հակառուսական էյֆորիան հասել էր այն աստիճանի, որ որոշվել էր արգելել ռուսաստանցի երգիչներ Վալերիայի, Օլեգ Գազմանովի և Իոսիֆ Կոբզոնի մուտքը Լատվիա, ավելին՝ Լատվիան ևս միացավ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:
Սլովակիայի վարչապետի հետ չհամաձայնելը բավականին բարդ է: Երկիրը Ռուսաստանի հետ ունի առևտրային լուրջ հաշվեկշիռ, ու նախ և առաջ՝ գազի ներկրման մասով: Ի վերջո, ինչու վնաս պատճառել սեփական երկրին այլոց ախորժակի կամ նպատակների պատճառով:
Բացի այդ՝ բոլորին էլ հասկանալի է, որ պատժամիջոցների արդյունքը պետք է ի հայտ գա կարճաժամկետ կտրվածքով, այլապես դրանց կիրառումը դառնում է ուղղակի անիմաստ: Ու եթե արդեն քանի տարի է, ինչ պատժամիջոցներ են կիրառվում Իրանի դեմ, բայց վերջինս, թեև կրեց որոշակի տնտեսական դժվարություններ, սակայն ամենևին էլ կործանման չի գնում, ապա ինչո՞ւ պիտի այդ մեթոդներն արդյունք տային Իրանին տարածքիով, բնակչությամբ, ռեսուրսներով գերազանցող Ռուսաստանի դեմ:
Գիտակցելով այս ամենը՝ Եվրամիության արեևելաեվրոպական անդամները աստիճանաբար սկսում են վերանայել իրենց մոտեցումներն այս հարցի վերաբերյալ: Ու եթե այս միտումը կրի շարունակական բնույթ, ապա Եվրամիության հեղինակությունը լրջորեն կսասանվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1468051283460811&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել