Եթե շատ մարդկանց   կառավարելու ու իրենց ուժը ցույց տալու համար պետք են զենքեր, սարսափազդու հայտարարություններ և բռնություն, ինձ հարկավոր է ընդամենը թուղթ ու գրիչ : ՛՛Իմ գրիչն իմ զենքն է ՛՛. այս նախադասությունն արդեն տարիներ շարունակ իմ ուղեկիցն է դարձել ու իմ ՛՛ռազմավարության՛՛ գլխավոր կանոնն է հանդիսանում : Ես գրչովս եմ զրուցում մարդկանց հետ, պատմում իմ վերապրածը, կիսվում գաղտնիքներովս, երազում ու մտածում ապագայի մասին:  Ես ունեմ գրիչ, որը   կարողանում է ՛՛բարձրաձայնել՛՛ մտքերս ու  խոսել այն ամենի մասին, ինչի մասին միգուցե ինքս կլռեի : Եվ այն, իսկապես, իմ ամենաուժեղ զենքն  է :

Շատերն են ասում. ՛՛Ես գրում եմ ինձ համար՛՛ : Երբեք նման դիրքորոշումը չեմ հասկացել : Եվ չեմ էլ պատրաստվում ըմբռնել  : Որովհետև  բլոգինգով զբաղվելու ընթացքում ես մի բան եմ հասկացել.  ցանկացած գրված նյութ , լինի դա վերլուծական ոճի մի բան, թե՝  պատմվածք, պատկանում է իր ընթերցողին : Ստեղծագործող մարդու մտքերն իրեն չեն պատկանում : Ցանկացած գրառման տերը հենց գրառման ընթերցողն է, հասկացողը : Դու ստեղծում ես ինչ-որ մի բան,  ու մարդիկ դա դարձնում են իրենցը : Հենց սրանում է կայանում հրաշքը :
Գրող մարդկանց միշտ ՛՛փոքր աստված՛՛ եմ անվանում : Եվ   այս բառերս համապատասխանում են իրականությանը.  թուղթ ու գրիչն օգտագործելով կարելի է աշխարհներ ստեղծել : Աշխարհներ, որոնք կլինեն շատ ճիշտ ու նուրբ կառուցված, աշխարհներ ,որոնք շատ դեպքերում գերազանցում են մեր իրականությանը :
 Ենթադրենք՝ ես  պատմվածք եմ գրում : Ես հանդիսանում եմ տվյալ պատմվածքի հեղինակը, իսկ  հերոսների համար ես իրոք աստված եմ դառնում, որովհետև ես եմ որոշում՝ ինչպիսին կլինեն նրանք : Մազերի ու աչքերի գույն, բնավորություն, սյուժետային գծեր: Ես որոշում եմ նույնիսկ հերոսներիս քայլվածքն ու ձայնը. մի՞թե սրանից հրաշալի բան կարող է լինել : Բոլորս էլ սիրում ենք կառավարել ու թելադրել սեփական օրենքները : Իսկ ստեղծագործելու ժամանակ  ողջ կառավարման ընթացքը քո ձեռքերում է : Դու քեզ անհաղթ ես զգում. չէ՞ որ այստեղ հենց քո օրենքներն են . ամեն բան շարժվում է այնպես, ինչպես դու կկամենաս:  ՈՒ քեզ էլ պետք չեն մեծաբերան բառեր, քեզ պետք չէ ինքնահաստատվել ու ինչ-որ բան ապացուցել : Դու գիտես, որ կա տարածք, որտեղ  հենց դու ես թելադրում ամեն բան :  Ու հենց դա էլ ստիպում է  անընդհատ ավելի զարգանալ, գնալ առաջ, ուշադիր լինել ամեն մանրուքի նկատմամբ . աշխարհ ստեղծելը պարտավորեցնող  ու շատ նուրբ ու զգույշ գործ է : Պետք է ամեն բան գիտակցված կառուցես ու խելամտորեն օգտագործես : 
Ժամանակի  ընթացքում, երբ սկսում ես շատ ստեղծագործել ու տարբեր պատմություններ ու կերպարներ ստեղծել, հասկանում ես , որ  կերպարներդ, իրականում, շնչում ու ապրում են :   Ես ինքս միշտ հոգ եմ տանում կերպարներիս մասին, փորձում եմ ճիշտ շարունակել սյուժետային գծերը, իսկապես վերապրել նրանց զգացածը .եթե ուզում ես լավ, իրականությանը մոտ  նյութ ստանալ,  պետք է սկսես ՛՛համագործակցել՛՛ կերպարներիդ հետ : Գալիս է մի պահ, երբ նույնիսկ մոռանում ես, որ նրանք ընդամենը քո  երևակայության ծնունդն են : Դու սկսում ես  նրանց շատ լուրջ ուսումնասիրել, հասկանալ  նրանց, ըմբռնել, փորձում ես նրանց նման մտածել ու հասկանալ արարքները: Թվում է , թե գրելը խաղ  ու պար է. միքիչ գրագիտություն, միքիչ ստեղծագործ միտք ու վերջ, պատրաստ է : Սակայն սա շատ լուրջ գործընթաց է, որին պետք է խնամքով վերաբերվել...Խոսքերս շատերի համար ցնորք կթվան: Բայց  հավատացեք՝ ստեղծագործող մարդիկ հիմա ինձ լավ են հասկանում ))))
Երբ  իմ փոքրիկ պատմվածքը պատրաստ լինի, այն դադարում է իմը լինելուց :  Ի երջանկություն ինձ ՝ պետք է նշեմ, որ  գրառումներս շատ արագ են  գտնում իրենց  իսկական տերերին : Իսկ իսկական տերեր հանդիսանում են այն ընթերցողները, որոնք  քո գրառման մեջ հենց իրենց են գտնում :  Եվ   այսպիսով՝ քո գրառման տերը դառնում են նրանք :
Չկա աշխարհում ավելի լավ զգացում, քան երբ նամակներ եմ ստանում այն մասին, որ գրառումներս կարծես ինչ-որ մեկի սրտից լինի, ասես նրա մտքերը լսել ու շարադրել եմ : Նման պահերին եմ հասկանում, որ  հենց այս բառերի համար էր պետք գրել ու անընդհատ աշխատել : Հավատացեք, ցանկացած գրառում իր ընթերցողն ունի : Ու հենց այդ ընթերցողին է պատկանում :
  Իսկ ինձ մնում է միայն  ստեղծել նոր աշխարհներ, աշխատել  կերպարներիս հետ ու ուրախանալ, որ  ինքս էլ ՛՛փոքրիկ աստված ՛՛ եմ ու հնարավորություն ունեմ աշխարհներ կառավարելու : Ինձ հասու է այն ամենը, ինչը շատերի համար փակ է ու անհասկանալի : Ես գրչով կարող եմ փոթորկել մարդկանց, կամ՝ սփոփել : Կարող եմ հուզել, կարող եմ երջանկության կտորներ ուղարկել : Կարող եմ բառերովս գրկել մարդկանց  ու զգալ նրանց սրտի աշխատանքը :  Գրիչն, իրոք,  շատ հզոր զենք է : Պետք է նրա հետ զգուշությամբ աշխատել. չէ՞ որ գրչիցս դուրս եկած ամեն մի բառ մարդկանց զգացմունքների հետ է շփվում  ու խոսում : Ես շատ կարևոր առաքելություն ունեմ. գրչի  օգնությամբ խոսել մարդկանց հետ : Հպարտությամբ կարող եմ նշել, որ ինքս էլ ՛՛փոքրիկ աստված ՛՛ եմ  ու, գրողը տանի, անասելի շատ եմ սիրում  իմ մասնագիտությունը : Աստված լինելը հրաշալի զգացում է )))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել