Շատ լավ կազմակերպված հակաքրիստոնեական կազմակերպություններին հեշտությամբ է հաջողվում մարդկանց մեջ ներարկել նեռի արյունն ու պառակտել եկեղեցին: Նրանք հոգեբանական աճպարարությամբ եկեղեցու հետեւորդների մոտ (եկեղեցի ասելով նկատի ունեմ Հայ առաքելական եկեղեցին) թյուր կարծիքներ են ստեղծում ու նրանց տարաբնույթ հակառակություններ հրահրելու գործիք դարձնում: Կամա թե ակամա աղանդավորների այդ անօրեն հնարքների զոհ են դառնում եւ՛ բանվորը, եւ՛ գիտնականը, եւ ՛ չքավորը, եւ՛ մեծահարուստը՝ ամեն մեկին անվարձ «գործի դնելով» ըստ իր ընդունակությունների ու հնարավորությունների: Բարերար մեծահարուստին նրանք աննկատելիորեն կարող են ներարկել, օրինակ, այն միտքը թե. ինչու՞ պետք է քո կառուցած եկեղեցին նվիրես Մայր Աթոռին, իսկ չքավորին. թե. Այ տեսնու՞մ ես թե ինչպե՞ս է եկեղեցին մոմերը թանկացնում կամ. Այ տեսնու՞մ ես հոգեւորականը աղը օրհնեց ու փող վերցրեց, կամ. Այ տեսա՞ր մեքենայի կայանման համար էլ են փող վերցնում, կամ. այն մեկին տես, բա նա հոգեւորակա՞ն է, տես ի՞նչ մեքենա է վարում եւ այլ անհեթեթություններով պղտորում մարդկանց միտքն ու հոգին՝ իրենք հանդես գալով որպես եկեղեցու բարենորոգիչներ՝ մարդկանց հակադրում են հոգեւորականությանը, ինչը նույնն է, որ հակադրում են Հայ եկեղեցուն ամբողջությամբ: Այս ախտը ցանկալի է, որ արմատախիլ արվի ընդհանրապես հայոց աշխարհից, իսկ Հայաստանի սահմաններում այս խնդրում աչալրջության ու զգոնության թուլացման դեպքում կարող ենք ունենալ վտանգավոր հետեւանքներ: Անհրաժեշտ է, որպեսզի ակտիվ հայ հասարակությունը լրջորեն ներգրավվի ու աջակցի այն ուժերին, որոնք ամենայն լրջությամբ գիտակցելով ու շատ լավ ծանոթ լինելով աղանդավորների գործելաոճին ջանքեր են գործադրում հասնել նրան, որպեսզի Հայաստանում օրենքով արգելվի այն կազմակերպությունների գործունեությունը, որոնց պառակտիչ գործելաոճը վնասում է հայ մարդու մարտունակ ոգուն: Հայաստանը չպետք է իր սրտի մեջ տեղ տա ու հանդուրժի հայ մարդու ու հայ զինվորի մարտական ոգին վտանգող որեւէ ոտնձգության փորձ:



