«Կեանքի խօսք» կազմակերպութիւնը նախ եկեղեցի չէ, որ մի հատ էլ` «աւետարանական» լինի: Նայեցէ՛ք Եկեղեցու հազարամեայ պատմութեանը, եւ կը տեսնէք, թէ որտեղի՛ց են ծագում աղանդները: Նոյն պաւղիկեան, թոնդրակեան եւ մնացեալ աղանդները ժամանակին քաղցկեղի պէս տարածուած էին Հայաստանում: Բայց որպէսզի այդ վարակի դէմն առնեն, այն ժամանակ աղուեսադրոշմով էին զարդարում նման անդարձ եւ անուղղայ աղանդաւորների ճակատները: Ի վերջոյ, ամէն պատահական մարդ ԻՐԱՒՈՒՆՔ ՉՈՒՆԻ մեկնաբանելու Սուրբ Գիրքը` համաձայն իր թերի հասկացողութեան: Բոլոր աղանդներն էլ հէնց ա՛յս կէտից են ծնւում: Այդպէ՛ս արեց հերետիկոս Արիոսը, ապա նրան փոխարինեցին ուրիշ հերետիկոսներ` Մակեդոնը, Նեստորը, Ապողինարը եւ բազում այլօք, իսկ արդէն 16-րդ դարում բարենորոգչութեան կեղծանուան տակ` Մարտին Լիւթերը, Կալւինը, Ցուինգլին..., ու այսպէս սկիզբ առաւ հերետիկոսական մի հակաեկեղեցական նոր շարժում, որը այսօ՛ր էլ կոչւում է բողոքականութիւն: 
Աստուածաշնչի ընթերցանութեամբ եւ տարածումով, այո՜, կարո՛ղ է եւ պէ՛տք է զբաղուի իւրաքանչիւր քրիստոնեայ, սակայն Աստուծոյ Խօսքի մեկնաբանութիւնն ու բացատրութիւնը Սուրբ Հոգու իշխանութեամբ եւ կնիքով տրուած է ՄԻԱՅՆ Եկեղեցու հոգեկիր Հայրերին եւ սուրբ Վարդապետներին, որոնք իրենց անձի անարատութեամբ եւ մտքի ուղղափառութեամբ դարձան Տաճարնե՜ր եւ Բնակարաննե՜ր Սուրբ Հոգու, ընտիր Անօթնե՜ր եւ զուլալ Աղբիւրնե՜ր Աւետարանի անխարդախ Կաթի, բարի եւ քաջ Պատգամաբերնե՜ր Հայր Աստուծոյ կամքով ու հաճութեամբ...
Ցաւալին այն է, որ դոյզն-ինչ տեղեկացուած չլինելով այս ամէնից` մարդկանց մէջ շփոթ գցելու համար բողոքական խմբակներն սկսեցին իրենց համար եւս գործածել, աւելի ճիշդ` իւրացնել «եկեղեցի» բառ-եզրոյթը` առանց հասկանալու դրա աստուածաբանական եւ եկեղեցաբանական իմաստն ու սահմանումը: Դէ պարզ է, թէ ինչո՛ւ են ուզում իրենց եւս «եկեղեցի» ներկայացնել, որ ասեն, թէ մե՛նք էլ Քրիստոս ենք քարոզում... Բայց հարցն այն է, թէ ո՛ր Քրիստոսին են քարոզում. վստահաբար` ո՛չ այն Քրիստոսին, որին քարոզեցին առաջին դարի առաքեալները եւ որոնց քարոզչութեան հիման վրայ հաստատուեցին բոլոր աւանդական եկեղեցիները` Հռոմէական, Հայկական, Ղպտական, Ասորական, Յունական, Ռուսական եւ այլն, եւ այլն: Լա՛ւ կարդացէք Աւետարանը, կրկի՛ն կարդացէք Աւետարանը, եւ գուցէ մի օր կը հասկանաք, որ վերջին ժամանակներին բազո՜ւմ կեղծ քրիստոսներ եւ անթիւ սուտ մարգարէներ պիտի գային, որոնք արդէն իսկ եկել են` տարաբախտաբար, հասնելով մինչեւ Հայաստան: Յատուկ նշում եմ յղումը Սուրբ Գրքից այն բոլոր աղանդաւորների համար, որոնք ամէն երկրորդ բառին ասում են, թէ` ո՞ւր է գրուած Աստուածաշնչում: Լաւ շունչ քաշեցէ՛ք եւ ընթերցէ՛ք ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԻ 24-րդ ԳԼՈՒԽ, 23-24 համարները, ՄԱՐԿՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԻ 13-րդ ԳԼՈՒԽ, 22-23 համարները. «Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան. որովհետեւ ՍՈՒՏ ՔՐԻՍՏՈՍՆԵՐ եւ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԷՆԵՐ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի»: Շատ ուրիշ համարներ էլ կան, որ այս պահին բոլորը չեմ կարող մէջբերել: Սա ինձանից չեմ յօրինում ու ոչ էլ ուզում եմ վիրաւորած լինել որեւէ աղանդաւորի կրօնական զգացմունքները, քանի որ գիտեմ` շատեր այնտեղ են յայտնուել բացարձակ անտեղեակութիւնից ելնելով եւ երբեմն էլ` չդիմանալով նիւթական ու ինչ-ինչ այլ գայթակղութիւններին: Իսկ եթէ կը լինեն ոմանք, որ թերեւս ասեն, թէ ինչո՛ւ չենք կարող ընտրել մեր ուզած եկեղեցին կամ աղանդը, ապա այդպիսիններին կը պատասխանենք. «Սիրելինե՛րս, իսկ ինչո՞ւ, նոյն յամառութեամբ, չէք ընտրում, ասենք, ձեր ծնողներին կամ էլ` ձեր ազգութիւնը. չէ՞ որ ունէք ազատ ընտրութեան իրաւունք, մանաւանդ որ` խղճի ազատութեան խայտառակ օրէնքն էլ ձեր օգտին է խօսում: Ա՛յ եթէ կը կարողանաք ձեր ընտրութիւնը կատարել այս ուղղութեամբ, նո՛ր միայն մտածեցէք ձեր հաւատքի տեսակը ընտրելու մասին»: 
Թող Աստուծոյ ողորմութեան եւ ուղղափառութեան անստուեր եւ անվախճան Լոյսը ծագի՜ բոլոր հեթանոսների, աստուածամերժների, հերետիկոսների եւ անզեղջ մեղաւորների վրայ, որպէսզի շուտով փարատուի նրանց մտքի եւ հոգու թանձր խաւարը` վերադառնալով յանգիտութենէ ի Լոյս աստուածգիտութեան եւ ճշմարիտ աստուածպաշտութեան: Սէ՜ր եւ միաբանութի՜ւն ամէնքիս. ամէն:

Կցված նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել