Երեկ ընկերներիցս մեկը մի արտառոց բան պատմեց, որը երեւի միայն Հայաստանում կարող է լինել: 
Ուրեմն, ընտանիքով երեք օրով գնացել են Դիլիջանի Ռեզորթ հյուրանոց: Գումարը նախօրոք վճարել են, օրը մոտ 100 եվրո: Դրա մեջ մտել է օրը երեք անգամ սնունդ, լողավազան, սաունա, խաղեր, մաղեր եւ այլն: 
Եվ ահա հենց առաջին օրը մեր ընկերը գնում է լողավազան, թույլ չեն տալիս ներս մտնել, ասում են փակ է: Այն հարցին, թե ինչու է փակ, որովհետեւ այդ ժամերին լողավազանը պետք է բաց լինի, հյուրանոցի ներկայացուցիչը պատասխանում է, թե գիտե՞ք, լողավազան ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա է եկել իր սիրուհու հետ, եւ կարգադրել է փակել եւ լողավազանը, եւ սաունան: 
Էս մեր ընկերը հեգնանքով հարցնում է, թե սա ի՞նչ է նշանակում, իսկ եթե այդ պաշտոնյան սիրուհու հետ հյուրանոցի ռեստորան գնա ու կարգադրի փակել ռեստորանը, այդ դեպքում մնացածները սովա՞ծ պետք է մնան, հյուրանոցի ներկայացուցիչը ապշեցուցիչ պատասխան է տվել, թե նման դեպքերում դրսում են հաց տալիս: Այսինքն, նման բան եղել է նախկինում այդտեղ: 
Ի դեպ, մեր ընկերոջ խոսքով, նրանք այդ երեք օրվա մեջ այդպես էլ չեն կարողացել լողավազան գնալ: Չնայած դա գնի մեջ մտած է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել