Imyerevan.com-ը գրում է.
2003 թվականին Հանրապետության հրապարակի ողջ տարածքում սկսվեցին բարեկարգման շինարարական աշխատանքներ: Ասֆալտապատ վերին շերտը հեռացնելիս, սակայն, ի հայտ եկան քարե պատերի մնացորդներ, սև ու կարմիր տուֆի մշակված սալիկներ, կղմինդրներ, կավանոթի բեկորներ, տուֆից պատրաստված ջրատար խողովակներ:
Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարի հնագիտության բաժնի վարիչ Գրիգոր Կարախանյանը և աշխատակիցներ Աղավնի Ժամկոչյանն ու Ֆրինա Բաբայանը տեղում պեղումներ իրականացրեցին: Դրանց արդյունքում հայտնաբերեցինք հրապարակի և հարակից փողոցների ասֆալտի տակ պահպանված 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժիններ: Քառակուսի հատակագծով սրահի տարբեր բաժանմունքները ստեղծվել են խաչվող թաղերով ավարտվող միջնապատերի շնորհիվ:
Ինչպես վստահեցնում են հնագետները, իրենց նյութերից ելնելով կարելի է եզրակացնել, որ հրապարակում բացահայտված կառույցները 17-րդ դարի այն շենքերի նկուղներն են, որոնք տեղ են գտել ֆրանսիացի ճանապարհորդներ Ժան Բատիստ Տավերնիեի և Ժան Շարդենի Երևանի համայնապատկերներում: Գտածոները նաև խոսում են այն մասին, որ 17-18-րդ դարի Երևանը պատահական քաղաք չէր, այլ առևտրատնտեսական կենտրոն: Սակայն քաղաքի կենտրոնում պատահաբար բացված այս պատմական գանձարանը լիարժեք ուսումնասիրել չհաջողվեց. հնագիտական ջոկատը հասցրեց հետազոտել բացված փոսորակներից միայն երեքը: Ինչպես հիշում է Ֆրինա Բաբայանը, հապճեպ կատարված բարեկարգման աշխատանքների արդյունքում հրապարակի կենտրոնում կառուցվեց հայտնի խճանկարը: «Իսկ մեր կողմից պեղված տարածքները ծածկվեցին հողով ու ավազով: Մինչդեռ այդ կառույցները ներկայացնում են շինարարական արվեստի կարևոր ժամանակահատված, որը մեզանում քիչ է ուսումնասիրված»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ