Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, որի համաձայն ստեղծվում է բանակցային խումբ, որի նպատակն է բանակցությունների վարումը Եվրասիական զարգացման բանկի հետ «Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության 4-րդ հերթի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկ ստանալը:
3-4 տարի է, ինչ այդ ճանապարհի կառուցումն առաջնահերթ օրակարգային հարցերից է, սակայն այն այդպես էլ հարց է մնում: Ավելին՝ ինչպես երևում է, նոր կառավարությունը նախորդի քաղաքականության արժանի շարունակողն է: Համենայն դեպս, գոնե միջոցների ներգրավման մեթոդների հարցում նորություններ ակնկալելը անտեղի է՝ վարկեր և միայն վարկեր:
Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք Հայաստանի արտաքին պարտքը, կարելի է ասել, գրեթե եռապատկվեց: Թե որքանով այն կաճի Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման օրոք՝ մնում է դեռևս միայն կռահել: Սակայն այն, որ այն այսօրվա դրությամբ շուրջ երկու անգամ գերազանցում է ՀՀ տարեկան բյուջեն՝ կայացած փաստ է:
Ավելին՝ 2015թ. պետական բյուջեի մասին առկա նախնական տվյալների համաձայն, հաջորդ տարի պետական պարտքի մարմանն ուղղվող միջոցների ծավալը կհասնի շուրջ մեկ միլիարդ դոլարի:
Տպավորությունն այնպիսին է, որ բոլոր մյուս տարբերակները՝ ներդրումներ, պետական հատկացումներ, համազգային կապիտալի ներգրավում, արդեն մոռացվել են: Ընդ որում՝ այստեղ ևս առկա է վեկտորի փոփոխության հարց: Եթե մինչ այդ այս ծրագրի միջոցները, որպես կանոն, ներգրավվում էին Ասիական զարգացման բանկից (որը, չնայած անվանմանը, գտնվում է արևմտյան պետությունների վերահսկողության ներքո), ապա այժմ ներգրավվելու փորձը կատարվում է Եվրասիական միության համակարգի մաս կազմող Եվրասիական զարգացման բանկից:
Որքանով կհաջողվի այդ ձեռնարկը՝ ցույց կտա ժամանակը: Սակայն այն, որ այս վարկը ևս մարելու են մեր սերունդները…..
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=358630810968500&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել