Ամառային արձակուրդների ավարտը մեր տնտեսության համար երկու վատ լուրով է նշանավորվում՝ հարկերի բարձրացում և պետական պարտքի ավելացում:
«Եկամտային հարկի մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարից, հարկերն ավելանում են՝ անկախ այն բանից, թե ով ինչպես կմեկնաբանի: Օրինակ՝ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար գործատուն 775 դրամ ավել հարկ պետք է վճարի: Թվում է, թե սա մեծ բան չէ, բայց հաշվի առնելով, որ կան գործատեղեր, որտեղ 50, 100 և ավելի աշխատողներ կան, սա տարեկան կտրվածքով շոշափելի գումար կկազմի գործատուի համար:
Սակայն խնդիրը դա չէ: Խնդիրը կառավարության մտածողությունն է: Կառավարության անդամները հարկի այդ հավելումը բացատրում են նոր օրենքով նախատեսված եկամտահարակի և սոցվճարումների համատեղ վճարման դեպքում ինչ-որ միջինացված թվերի կլորացման արդյունքում առաջացած պակասորդով: Հարց կառավարությանը՝ արդյոք հնարավոր չէ՞ր, որ այդ կլորացումը գոնե մի անգամ լիներ հօգուտ բիզնեսի, ինչը կարող էր հոգեբանական խթան լինել հատկապես այս օրերին, երբ տնտեսությունը ծանր վիճակում է և բիզնեսներին այդքան անհրաժեշտ են կառավարության նկատմամբ հավատը և վստահությունը: Բյուջեի համար այդ չնչին պակասորդը կառավարությունը կարող է(ր) բերել ստվերից:
Երկրորդ վատ լուրը. տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում՝ առանց որևէ լուրջ պարտք վերցնելու, արտաքին պետական պարտքն աճել է 5%-ով: Առավել մտահոգիչն այն է, որ կառավարության անդամները արդեն իրենց հարցազրույցներով և հայտարարություններով հասարակությանը նախապատրաստում են նոր պարտք վերցնելուն: Նոր պարտք ներգրավելու շուրջ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՀ-ի հետ: Առաջինից 0.8-1 մլրդ դոլար ներգրավելու, երկրորդից՝ մինչև 200 մլն դոլար:
Խոսում են նաև առկա պարտքի վերաֆինանսավորման մասին, որը ինչպես էլ մեկնաբանեն, ենթադրում է պարտքի բեռի ավելացում: Չմոռանանք նաև, որ երկար սպասված «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումը նույնպես իրականացվելու է վարկային միջոցներով՝ Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող 500 մլն դոլարով:
Այս տեմպերով Հայաստանի պետական պարտքը շուտով կարող է հատել ՀՆԱ-ի 50%-ի շեմը: Չնայած պարտքի տեսքով այս մեծ մուտքերին, տնտեսությունում 2009-ից ի վեր էական տեղաշարժեր չեն եղել, ընդհակառակը՝ ընկել է ժողովրդի կենսամակարդակը, աճել է աղքատությունը: Սա միակ ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում, որի մասին անընդհատ բարձրաձայնվում է, բայց կառավարությունը շարունակում է չլսելու տալ: Այնքան ժամանակ, որքան կառավարությունը չի փոխում երկրի զարգացման մասին իր մտածողությունը, Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը շարունակում է մնալ մշուշոտ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/VartanOskanian/posts/482994915045037
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել