Serj-Sargsyan02351in.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասված է.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Մշակույթն ու դպրությունը մեր ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել: Անգամ ամենադժվարին պայմաններում հայերս չենք հրաժարվել գիտակրթական առաջընթացից և եղել ենք ամենագրասերներից մեկը տարածաշրջանում:

Հայ ժողովրդի այդ բնատուր առաջադիմական ավանդույթների շնորհիվ մենք հասել ենք որակապես նոր հանգրվանի: Կրթության որակի բարելավումը մեր պետականության կարևոր առաջնահերթություններից է այսօր: Մեր երկրի հաջողություններն ակնառու են դառնում միջազգային դպրոցական օլիմպիադաներում մեր աշակերտների արձանագրած հաղթանակների շնորհիվ: Սակայն դրանք ընդամենը շատ բարդ և քարքարոտ ճանապարհի սկիզբն են, որի հաղթահարումը հնարավոր է բոլորիս հետևողական ջանքերի համատեղմամբ:

Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին ու դասախոսներին, բոլոր աշակերտներին և ուսանողներին նոր ուսումնական տարում: Հատկապես շնորհավորում եմ կրթական հաստատությունների շեմն առաջին անգամ հատողներին: Թո՛ղ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, քանի որ մեր աշակերտներն ու ուսանողները դնելու են ոչ միայն սեփական կյանքի, այլև Հայաստանի ապագայի ամուր հիմքերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել