2007 թվական: Նուբարաշենի գիշերօթիկի նախկին սան, երկկողմանի ծնողազուրկ Աշոտ Գրիգորյանը ձերբակալվեց: Նա մեղադրվում էր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու գանձանակը թալանելու և խոշոր չափի գումար յուրացնելու մեջ:
Աշոտին դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման: Դատավճռի օրը Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շահե քահանան դահլիճում հայտարարեց, որ երբ Աշոտը բանտից դուրս գա, ինքը նրան գրկաբաց կընդունի:
Վերաքննիչ դատարանում Աշոտի պատիժը մեղմացվեց մինչև երկուսուկես տարի. հաշվի առնվեց այն, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա առաջին կարգի հաշմանդամ է դարձել: Բացի այդ, նա խորապես զղջացել էր իր արարքի համար: Երկուսուկես տարի դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում պատիժը կրելուց հետո Աշոտն ազատ արձակվեց, բայց տեր Շահեն նրան ամենևին էլ գրկաբաց չընդունեց: Ավելին, Աշոտի` տեր հոր հետ հանդիպելու, նրանից ներողություն խնդրելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Նա Աշոտին տեսնել անգամ չէր ուզում: «Ես շատ վատ էի վարվել տեր Շահեի հետ, դատավարության ընթացքում նրան մեղադրել ու զրպարտել էի այնպիսի բաներում, որոնք իրականում նա չէր արել,- խոստովանում է Աշոտը,- ես մոռացել էի ինքնասիրություն ու ամոթ, ամեն ինչ անում էի, որ դատարանում իմ նժարը մի քիչ ծանր լինի, և խուսափեմ խիստ պատժից»:
Բանտից դուրս գալուց հետո Աշոտը կաթողիկոսին նամակ է գրում` խնդրելով ներել իրեն: Կաթողիկոսարանի որոշմամբ նրա նամակը վերահասցեագրվում է Արարատյան հայրապետական թեմին, որի մեջ է մտնում Սուրբ Սարգիս եկեղեցին, սակայն մինչ օրս նրա նամակն անպատասխան է մնացել:
Ինչո՞ւ Աշոտը որոշեց թալանել այն եկեղեցու գանձանակը, որտեղ, հաշվի առնելով նրա որբ ու անտուն լինելը, նրան բանվորական աշխատանք էին տվել, որպեսզի օրվա հաց վաստակի: Այդ հարցի պատասխանը Աշոտը և՛ ունի, և՛ չունի. «Մարդ, որ մանկուց ենթարկվել է ֆիզիկական ու հոգևոր բռնության, տեսել հազար ու մի վատ բան, նման մարդուց ուրիշ ի՞նչ կարելի է սպասել: Չէ՞ որ ինձ նախ և առաջ հոգևորապես պետք է կրթեին: Մեր գիշերօթիկում գողանալը շատ սովորական բան էր, երեևի չկար մեկը, որ գողությամբ զբաղված չլիներ,- ասում է նա:- Ինչ վերաբերում է բռնությանը, ապացուցված փաստ է, որ բռնության ենթարկված ցանկացած մարդու հոգեբանությունն ինքնըստինքյան խեղաթյուրվում է»:
Այնուհանդերձ, նա իր արարքը չի արդարացնում. այն, ինչ արել է, սարսափելի է. «Ես պարբերաբար էի գողանում, և այդ ողջ ժամանակահատվածում հոգեպես շատ էի տանջվում, ամեն անգամ գողանալուց հետո խոնարհվում էի Աստծո առաջ, ներում խնդրում, ինձ արդարացնելու եղանակներ փնտրում»:
Պատմում է, որ գողության ժամանակահատվածում շատ անգամ է փորձել հետ կանգնել իր արարքից, բայց չի կարողացել: Մի օր էլ որոշել է ամեն ինչ պատմել տեր Շահեին, անգամ տեքստն է պատրաստել, թե ինչպես պետք է խոստովանի, բայց ամեն անգամ, երբ եկեղեցում մոտեցել է տեր հորը և հանդիպում խնդրել, ինչ-որ բան խանգարել է, և հանդիպումը չի ստացվել»:
Այս ողջ պատմության ամենազարմանալի ու թերևս ամենահետաքրքիր կողմերից մեկն էլ այն է, որ Աշոտը գողացած գումարի մի մասը ծախսել է բարեգործական նպատակներով: Բարեգործական կազմակերպություն է հիմնել, որի անունից էլ զբաղվել է բարեգործությամբ. «Մանկատներին, գիշերօթիկիներին, սոցիալապես անապահով ընտանիքներին էի օգնում, եկեղեցիների համար անհրաժեշտ պարագաներ էի գնում,- պատմում է նա,- հետո ինձ համար հանրակացարանային մի սենյակ գնեցի, ճիշտ է` շատ անբարեկարգ էր, բայց չունեցածից լավ էր: Մի խոսքով, ապրում էի երկակի կյանքով. ցերեկը բարեպաշտ հավատացյալ, որն իրականում Աստվածաշունչն էլ չէր կարդացել, իսկ գիշերը` ավազակ, ով թալանում էր եկեղեցին…»:
Շարունակությունն` այստեղ