Սկսած խորհրդային շրջանից մինչեւ 2011 թվականը մասնավորապես հայաստանյան լրատվամիջոցներում շատ հազվադեպ էին հանդիպում Հայ հոգեւորականին քննադատող հոդվածներ: Մինչեւ 2011 թվականը եթե հանդիպում էին այդպիսի հոդվածներ, ապա միանշանակորեն հայ ընթերցողի ընկալմամբ տվյալ հոգեւորականի հետ հավասար քննադատվում էր նաեւ Հայ եկեղեցին, այսինքն թեեւ քննադատվում էր կոնկրետ հոգեւորականը, բայց ընթերցողի մոտ ենթագիտակցաբար քննադատվում էր հենց Հայ եկեղեցին: Սակայն 2011-ից մինչ օրս հետեւողականորեն տարբեր լրատվամիջոցներով ու տարբեր անհատների կողմից հրապարակվում են «ուսուցողական» հոդվածներ, որտեղ հոդվածագրերը ջանադրաբար հասարակության մեջ այն կարծիքն են ձեւավորում, թե. հոգեւորականին քննադատել չի նշանակում քննադատել եկեղեցին: Հաճախ կարելի է հանդիպել այսպիսի խոսքերի թե. Մենք եկեղեցուն չենք քննադատում, մենք քննադատում ենք հոգեւորականին եւ այլն: Ցավոք սրտի այդպիսի կարծիք ստեղծող հոդվածներից մի քանիսի հեղինակն եմ եւ երբեք ես ինձ հարց չէի ուղղել թե. Արդյո՞ք հայ հոգեւորականին քննադատողը չի քննադատում Հայ եկեղեցուն, արդյո՞ք հոգեւորականին քննադատելով ինչ-որ տեղ բիծ չի ընկնում նաեւ Հայ եկեղեցու վրա եւ արդյո՞ք ընթերցողը հոգեպես չի հեռանում նաեւ Հայ եկեղեցուց: Այո, կարելի է համաձայնել, որ հոդվածագիրը կարող է եւ ինքն իր հետ ազնիվ լինել եւ իրոք քննադատելով որեւէ հոգեւորականի զերծ մնալ հակաեկեղեցականի հոգեվիճակից՝ ընդդիմանալով կոնկրետ հոգեւորականին՝ հիմնվելով զուտ անձնական հարաբերությունների կամ անձնական խնդիրների վրա, սակայն արդյո՞ք ընթերցողի միտքը չի պղտորվի ու չի հեռանա եկեղեցուց ընդհանրապես: Ահա հենց այս հարցադրումներն է, որ պետք է իր առջեւ դնի ցանկացած ոք, որ քննադատում է որեւէ հոգեւորականի անկախ նրա պաշտոնից ու դիրքից: Ուսումնասիրելով վերջին տարիներին հայ հոգեւորականներին քննադատող հոդվածներն ու նկատի ունենալով նրանց վերաբերյալ կատարված մեկնաբանությունները, վերլուծությունները, արձագանքները ընդհանրապես, ինչպես նաեւ հեղինակներին քննադատության մղելու հնարավոր դրդապատճառները ես եկա այն եզրակացության, որ անհնար է քննադատել հոգեւորականին եւ ստվեր չգցել Հայ եկեղեցու վրա: Դա պարզապես տեղի է ունենում անկախ նրանից թե հոդվածագիրը այդպիսի նպատակ ունի թե ոչ: Եթե հազար ընթերցողից թեկուզ մեկ ընթերցողի մոտ հոգեւորականի քննադատությունը կառաջացնի հակակրանք Հայ եկեղեցու հանդեպ, ապա արդեն իսկ դա ակամայից ծառայություն է հակաեկեղեցական ուժերին եւ վնասում է Եկեղեցու հեղինակությանը: Շատ կարեւոր է, որ մեր մտավորականությունը եւ ընդհանրապես կրոնական կամ եկեղեցական թեմաներով հոդվածագիրներն ու հրապարակախոսները այս հոգեբանական նրբությունը նկատի ունենան եւ իրենց հոդվածներով կամ խոսքերով պատճառ չդառնան որեւէ մեկի եկեղեցուց օտարացմանը, քանի որ քննադատելով Եկեղեցուն քննադատվում են բոլոր հոգեւորականները եւ քննադատելով որեւէ հոգեւորականի՝ խորքի մեջ քննադատվում է հենց Հայ եկեղեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել