Մի քանի տասնյակ սոցիոլոգիական հետազոտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական հասարակության մեջ խորանում է տարբեր սոցիալական խմբերի միջև առկա տարբերությունները:  Այս տարբերությունների հիմքը ոչ միայն նյութական բարեկեցության է, այլ ավելի շուտ սոցիալական արժեքները, ամենօրյա ապրելակերպը, մտածելակերպը, ճաշակը և դիրքորոշումները:  Այս ամենի համակարգը սոցիոլոգ Բուրդիեն անվանում է "հաբիտուս":  Ուսումնասիրելով հայկական սոցիալական իրականության քաղաքական, տնտեսական, մշակույթային և կենցաղային բնութագրիչները՝ կարելի է առանձնացնել  երկու հիմնական գործոններ, որոնք պայմանավորում են հայաստանյան հասարակության հիմնական սոցիալական խմբերի դասակարգումը: 

  •  1. Հարմարվածություն-Ոչ հարմարվածություն:  Հասարակությունը 1990-ականների սոցիալ-տնտեսական ճգնաժամից հետո վերապրում է սոցիալական շերտավորման նոր շրջան:  Հասարակության մի ստվար մասը սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով չեն հարմարվում ստեղծվող շուկայական հարաբերություններին:  Նոր սոցիալ-տնտեսական պայմանները ստեղծում են նոր սոցիալական շերտեր՝ "նոր աղքատների":  Վերջինների համեմատաբար բարեկեցիկ կյանքը կտրուկ վատացել  է, բայց կենսակերպը, արժեքային համակարգը և դիրքորոշումները մնացել են նույնը կամ հակասում են իրենց ներկայիս հնարավորություններին:  Միևնույն ժամանակ ստեղծվեցին նոր սոցիալական խմբեր, որոնք կարողացան արագորեն հարմարվել ձևավորված հասարակական կարգերին:  Շուկայական հարաբերությունների շնորհիվ առավել հարմարված սոցիալական խմբերը կարողացան գերիշխող դիրք գրավել հասարակությունում՝ ստեղծելով "հաջողակ" լինելու նոր ընկալումներ: "Տուն պահող տղու" և "կարգին տղու" արխետիպերըը աստիճանաբար ավելի առաջնային դարձան խորհրդային ժամանակաշրջանում պրոպագանդվող "արժանի մարդու" և "աշխատավոր մարդու" արխետիպների համեմատ:   Շուկայական համակարգի պայմաններում  սկսեց գործել սոցիալ-դարվինիստական սկզբունքը. "Գոյատևում են ոչ թե առավել արժանավորները, այլ առավել հարմարվածները":  Այնուամենայիվ հայ հասարակությունում "հարմարված լիելը" ուղղակիորեն չի ենթադրում "հաջողակ լինել":
  • 2. Ավանդականը ընդդեմ Նորարարության:  Գաղափարախոսական կոլապսի պայմաններում սոցիալական խմբերը կանգնեցին արժեքային համակարգի ընտրության խնդրի առաջ:  Նոր ճգնաժամային պայմաններում հասարակության գոյատևման լուծումներից մեկը սերնդեսերունդ փոխանցվող ավանդական արժեքների կարևորումն էր.մանսավորապես՝ հարգանքը նախնիների հանդեպ, ոչ ֆորմալ և չգրված կանոններին հետևելը, ավանդական հերոսների առկայությունը, ընտանիքի շահերի գերակայությունը անձնական շահերի նկատմամբ, սոցիալական պահպանողականություն և կայունությունը: Մյուս կողմից էլ մոդեռն արևմտյան մշակույթի, գլոբալականացման և հսկայական ծավալների հասնող միգրացիայի ազդեցությամբ սկսեց ձևավորվել նոր մտավորականությունը կամ ստեղծագործ կրեատիվ դասը:  Այս խմբի արժեքային համակարգը, մտածելակերպը, կենցաղը ավելի շուտ նույնականանում է գլոբալ միտումների և մշակույթային փոփոխությունների հետ, նույնիսկ ավանդականը վերամիաստավորվում է որպես մոդեռնիզմի ուղղություն:  Այս սոցիալական խմբերի բնորոշ գծերից են՝ անհատական շահերի գերակայությունը խմբային շահերի նկատմամբ, դեմոկրատիայի և մարդու իրավունքների առաջնայության գաղափարը, բազմակարծության կարևորումը, ծայրահեղ անհատապաշտությունը:   

Համաձայն վերոնշյալ երկու հակադրությունների կարելի է առանձնացնել 5 հիմնական սոցիալական խմբերը:

 

  1. "Կարոտողներ":  Լինելով ավանդապաշտ չեն կարողանում հարմարվել առկա սոցիալ-մշակույթային և  սոցիալ-տնտեսական պայմաններին:  Նրանցից շատերը արտագաղթում են հիմնականում  տնտեսական պատճառներով:  Հիմանական առանձնահատկությունը անցյալի իդեալականացումն է:  Ընդ որում իդեալականացվում է ոչ միայն խորհրդային ժամանակաշրջանը այլ հաճախ նաև անկախության վաղ շրջանը:  Այս խմբի քաղաքական հայացքների հիմնական առանցքը ուժեղ իշխանության հաստատում և պետության դերի ուժեղացումը:  Այս խմբի ներկայացուցիչները  պետական իշխանությանը համարում են իրենց և պետության բոլոր խնդիրների պատասխանատուն:  Հաճախ որպես վարքային մոդել ընտրում են իրականությունից փախուստը: Սոցիալական փախուստի առավել տարածված տարբերակը արտագաղթն է: Մշակույթային տեսանկյունից մերժում են ժամանակակից ստեղծագործությունների մեծամասնությունը՝ ի հակադրություն անցյալ "դասական" ստեղծագործությունների: Չնայած ընդդիմադիր և բողոքական տրամադրությունների, այնուամենայիվ հակված չեն ակտիվ քաղաքական պայքարի, որը պայմանավորված է 1990-ականների սկզբերին և մասամբ 1996-2008թթ ձևավորված քաղաքական հիասթափությամբ: Կազմում են բնակչության 30-35%-ը:
  2.   "Կարգին տղա":  Լինելով ավանդապաշտ  լիովին հարմարվել են ներկա սոցիալական պայմաններին: Որպես կանուն,  ունեն կայուն եկամուտ և սոցիալական կապեր:   Առանցքային գիծը սեփական ընտանիքի և սոցիալական միջավայրի բացարձակ արժեվորումն է:  Ավանդականությունը երբեմն հասնում է ծայրահեղականության և անհանդուրժողականության աստիճանի:  Կտրուկ սոցիալ-մշակույթային փոփոխությունների մեջ տեսնում են սեփական ինքնության վտանգ:  Մեծ հաշվով այս խումբը հայկական հասարակության հիմնական արժեքային կայունարարն է:  Չնայած  "ագրեսիվ" պահպանողականությանը՝  այն այնուամենայիվ նպաստում է հասարակական կայունությանը` պահպանելով   "ճիշտ և սխալ" վարքային մոդելների, կենսակերպի և դիրքորոշումների սահմանները:  Քաղաքական հայացքները ավելի շուտ դեմոկրատական են, բայց արդարացվում են նեղ խմբային և ոչ ֆորմալ քաղաքական հարաբերությունները, որոնք բերում են կլանային շահերի առաջխաղացմանը:  Հստակ տարբերակում են "մերոնց" և "ուրիշների" խմբակային շահերը:   Հաճախ անդեմ հասարակական շահը ստորադասում են սեփական խմբային շահին, քանի որ հասարակությունը առաջին հերթին նույնականացվում է սեփական սոցիալական խմբի հետ:  Տնտեսական գործունեության տեսանկյունից կարող են ունենալ անձնական մակարդակում իռացիոնալ վարք, բայց իրենց սեփական արժեքային տեսանկյունից, իրենց վարքը ռացիոնալականացված է:  Մեծ հաշվով ունեն ներքին պատասխանատվության զգացում, որը պայմանավորված է "ընտանիքի կերակրողի" սոցիալական դերի ընդունմամբ: Արտագաղթում են բացառապես տնտեսական նպատակներով: Կազմում են բնակչության 25-30%-ը:   
  3. Նոր բուրժուաներ:  Հայկական բուրժուազիան իր մտածելակերպով և արժեքային համակարգով առավելագույնս հարմարվել է առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին և  խաղի չգրանցված կանոններին: Հայկական նոր բուրժուազիայի ապրելակերպը շատ քիչ բանով է տարբերվում արևմտյան միջին ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացու ապրելակերպից՝ հանգիստ միջազգային հանգստավայրերում, շքեղ մեքենաներ, վերանորոգված բնակարան կամ բնակարաններ:  Ընդ որում նոր բուրժուազիան ոչ թե կապիտալիզմի ծնունդ է, այլ վարչական ապարատի տրամաբանական արդյունք:  Չնայած որ բուրժուազիայի հիմնական կապիտալները այս կամ այն չափով կապված են պետական-վարչական ռեսուրսների  հետ, այնուահանդերձ նոր բուրժուազիան մեծամասամբ ապաքաղաքականացված է:  Այս  սոցիալական խմբին անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական կայունություն, այդ իսկ պատճառով երկրի քաղաքական կուրսի փոփոխությունը առաջին հերթին դիտարկում են անձնական շահի տեսանկյունից:  Այս սոցիալական խումբը ուղենիշային է մնացած սոցիալական խմբերի համար՝ այն շուկայական հարաբերությունների գաղափարախոսական Success story-ն է:  Մշակույթային տեսանկյունից ներ բուրժուազիան միատարր չէ, այնուամենայիվ ձևավորվում է ոչ մասսայական մշակույթի երկրպագություն: Հետաքրքրական է, որ հաճախ համընկնում են սոցիալապես առավել "օտարված" և առավել "հարմարված" սոցիալական խմբերի ճաշակները:  Բնակչության 5-10%-ն են:
  4.  Կեղծ բուրժուաներ:   Այս սոցիալական խումբը առավել նորարականն է և ակտիվորեն հակադրվում ավանդական արժեքներին: Նրանց նորարարությունը կայանում է ավանդականության ժխտման մեջ:  Ամեն մի նորամուծություն դիտարկվում է որպես հաղթանակ "անցյալի" նկատմամբ: Իրենc ընկալում են որպես ալտերբուրժուազիա, փորձում է կրկնօրինակել բուրժուազիայի վարքը, սովորույթները և ապրելակերպի որոշ տարրերը:  Այս վարքի կրկնօրինակումը բերում է ձևական և ցուցադրական սպառման: Հաճախ կարելի է լսել.  "Մենք առևտուր ենք անում միայն Դալմայից", ինչը  առաջին հերթին գնահատվում է որպես սեփական կարգավիճակի ցուցադրում:  Բրենդների նկատմամբ ծայրահեղ "ուշադրությունը", տեխնոլոգիական նորույթների և հեռախոսների պարբերական "թարմացումները" այս սոցիալական խմբի առանձնահատկություններից են: Մյուս կողմից խիստ խեղաթյուրվում է "առաջադեմ" և "հետամնաց" կատերգորիաների ընկալումը:  Օրինակ գերմանական թերթերից մեկում նշված էր մի հայ երիտասարդի մասին, ով պատրաստվում էր արտագաղթել Ֆրանսիա:  Նրա կողմից արտագաղթի հիմնավորումներից մեկ այն էր, որ "Հայաստանը մի երկիր է, որտեղ նույնիսկ Մակդոնալդս չկա": Այս սոցիալական խմբի հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք ընդհանուր առմամբ կողմ չեն սոցիալական համակարգի փոփոխությանը, բայց միևնույն ժամանակ իրենց համարում են առկա համակարգի զոհեր:  Ենթագիտակցորեն ցանկանում են դառնալ բուրժուա, բայց միևնույն ժամանակ իրենց հիմնական խնդիրների և ձախողումների պատճառը դիտարկում են հենց բուրժուազաիային:  Քաղաքականապես առավել ակտիվ և երիտասարդ խումբ են, ունեն առավել ստեղծագործական ներուժը: Կեղծ բուրժուաները սոցիալ-մշակույթային առումով իրենց հակադրում են "լավ տղաներին" ("Քյառթուներ") և "Կարոտողներին" ("սովետ"):  Սեփական ցանկացած առաջարկ կամ գործողություն գնահատում են որպես հեղափոխություն, բայց "հեղափոխականության" ահեղացված ընկալումը վերջիվերջո կարող է բերել մարգինալացանը կամ այլ խմբերի մեջ տարրալուծմանը: Կազմում են բնակչության մոտ 10%-ը:
  5.  Անտարբերներ: Սրանք առավել ապաքաղաքականացված և իներտ խումբն են: Նրանց ապրելակերպը չի փոխվում սոցիալական հեղափոխությունների, ճգնաժամների կամ վերելքների ժամանակ:  Աշխարհընկալումը շահմանափակված է առօրյա հոգսերի և խնդիրների հաղթահարմամբ:  Այս սոցիալական խմբի ներկայացուցիչները չեն հետաքրքրվում սոցիալական, քաղաքական և մշակույթային  դիսկուրսներով: Նրանք ապրում են իրենց սեփական սոցիալական տարածության և ժամանակի մեջ:  Որպես կանոն սրանք այն անձինք են որոնք մերժում են այլ սոցիալական խմբերի վարքային մոդելները կամ այդ մոդելները չեն համապատասխանում նրանց առօյա կենսակերպին:  Կազմում են բնակչության 20-25%-ը: 

Քաղաքական  կամ մարքեթինգային ցանկացած ռազմավարության կազմելու ընթացքում նպատակահարմար է հասկանալ և վերլուծել այս բոլոր խմբերի դիրքորոշումները և վերաբերմունքը:  Միևնույն գործողությունը կարող է ծայրահեղ տարբեր արձագանքի բերել տարբեր սոցիալական խմբերի կողմից:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել