Վերջերս ինչ-որ գրառում աչքովս ընկավ, էսպիսի վերնագրով՝ «Հայաստանը միայն Երևան քաղաքը չի»: Պատմում էր այն մասին, որ կառավարության ամբողջ ուշադրությունը միայն Երևան քաղաքի վրա է, իսկ մարզերը աչքաթող են արվում: Այսօր ևս մեկ անգամ համոզվեցի սրանում, երբ դիտում էի Ազատ գոտի հաղորդաշարը: Խոսվում էր հասարակական տրանսպորտի սարսափելի վիճակի մասին, բայց միայն Երևան քաղաքի: Դարձյալ ոչ մի խոսք մարզերի մասին... Մինչդեռ իրականում մարզերում վիճակն էլ ավելի անտանելի է. եթե Երևանում կիսակուզ վիճակում մի 15-20 րոպե են երթևեկում, ապա մարզերում էլ ավելի անտանելի դիրքով՝ մոտ մեկ ժամ, հաճախ նաև ավել: Սրա հետ կապված մի դեպք հիշեցի, որը անեկդոտի էինք վերածել.
Մինչև պռունկը մարդկանցով «բեռնված» Երևանից Վեդի գնացող ավտոբուս: Մեկը ավտոբուսի մի ծայրից գոռում է մյուս ծայրում գտնվող ընկերոջը.
-ախպեր, տեղդ լավ ա՞
-տո չէ ախպեր, հազիվ եմ 2 ոտքի վրա կանգնում
-ասա բախտդ բերել ա էլի, ես մի ոտքի վրա եմ հազիվ կանգնում...
Ու շատ զարմացա , թե էս գերխնդրից խոսելիս ինչու՞ միայն կենտրոնացան Երևան քաղաքի վրա, չէ՞ որ մարզերում խնդիրն ավելի սուր է: Այ որ Շամշյանը մի օր գար կայարանի տարածք, ահագին «էքստրեմալ» նյութ կսարքեր, թե ոնց են մարդիկ, ահել ջահել իրար հրելով փորձում իրենց գցել երթուղայինի մեջ...