Տարօրինակ է, բայց փաստ՝ Ճապոնիան և Ռուսաստանը ցայսօր գտնվում են պատերազմական վիճակում: Ճիշտ է, կողմերի միջև վերջին մարտական գործողությունները թվագրվում են 1945թ. սեպտեմբերի 1-ով, սակայն կողմերը ցայսօր իրար հետ չեն ստորագրել խաղաղության պայմանագիրը: Պատճառը մեկն է՝ Կուրիլյան կղզիների կարգավիճակը:
Տարիների ընթացքում հակամարտող երկրների ղեկավարները փորձել են ինչ-որ կերպ կարգավորել հակամարտությունը, սակայն ցայսօր դա որևէ կերպ չի ստացվել: Մեկ տարի առաջ, պաշտոնը ստանձնելիս Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարեց ստեղծված իրավիճակին վերջ տալու իր մտադրության և այդ նպատակով ռուսական կողմի հետ բանակցություններն արագացնելու իր մտադրության մասին:
Սակայն նա, իր նախորդների պես, անվիճելի է համարում Կուրիլյան կղզիները հետ ստանալու Ճապոնիայի իրավունքը և պատրաստ է բանակցել հենց այդ նպատակով: Ճիշտ է, ի տարբերություն այ հակամարտությունների, այստեղ կան ինչպես դիվանագիտական, այնպես էլ առևտրային հարաբերություններ, սակայն ռուս-ճապոնական հարաբերությունների մեծ ներուժը չի բացահայտվում հենց կղզիների հետ կապված խնդրի պատճառով:
Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ռուսաստանի զինված ուժերը Կուրիլյան կղզիներում սկսել են զորավարժություններ, որոնց թեման է ափամերձ պաշտպանությունը: Այլ կերպ ասած, անկախ այդ զորավարժությունների պլանային կամ ոչ պլանային լինելուց, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Ճապոնիային ուղղված հստակ ուղերձ՝ «Կղզիները չեն վերադարձվելու»:
Իհարկե, Սինձո Աբեն շտապեց հայտարարել, որ Ճապոնիան «վրդովված է» այդ զորավարժություններից, սակայն սա, մեծ հաշվով, իրավիճակ չի փոխում:
Կարելի է փաստել, որ արդեն 70 տարի տևող «պատերազմը» դեռ կշարունակվի, քանզի մի կողմից՝ Ռուսաստանը մտադիր չէ քննարկել Կուրիլյան կղզիների վերադարձի որևէ տարբերակ, իսկ Ճապոնիան էլ դնում է նման նախապայման, քանի որ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի Ճապոնիայում իշխանության գլուխ, նա չի կարող հրաժարվել այդ պահանջից, քանզի դա կգնահատվի իբրև դավաճանություն ազգային շահերին և ավանդույթներին: Իսկ ավանդույթների դերը Ճապոնիայում միշտ էլ եղել է կենտրոնական:
Թե որքան կշարունակվի «պատերազմը»՝ ցույց կտա ժամանակը, սակայն պետք է փաստել, որ սա նույնպես, գոնե ժամանակավոր, լուծման տարբերակ է այլ հակամարտող երկրների համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1460616620870944&id=100007678606149&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել