«Օգոստոս ամիսը վկայեց ինչպես մեր հայրենիքը երիզող մարտական հենակետերում, այնպես էլ միջազգային ասպարեզներում հայ զինվորի ունեցած բարձր պատրաստվածության մասին»,- երեկ մասնավորապես ընդգծել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ «Տանկային բիատլոն-2014» միջազգային մրցույթում երկրորդ տեղը գրավելու առթիվ հայկական տանկային անձնակազմերին շնորհավորական ուղերձում:
Հիրավի, մարզական սխրանք գործած մեր տանկիստները ոչ միայն նշված մրցույթում պատվաբեր երկրորդ տեղը գրավեցին, այլեւ իրենց զինվորական հունարով ու վարպետությամբ կարճացին շատերի լեզուն: Ու ասվածի, ընդհանուր ոգեւորության մեջ ոչ մի շինծու բան չկա: Եվ գովեստի ինչ խոսք էլ ասվի, տղերքն արժանի են:
«Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, ի տես ողջ աշխարհի, 19-20 տարեկան հայ զինվորները փայլուն կատարեցին տանկավարման ու կրակային դժվարագույն վարժությունները, հաղթահարեցին ամենատարբեր արգելքներ եւ դաշնակից ու գործընկեր բանակներում վերստին հարգանքով արտասանեցին Հայաստանի Հանրապետություն ու Հայկական բանակ անունները»,- ուղերձում նշել է պաշտպանության նախարարը:
Ինչն է հետաքրքիր:
Վերջին տարիներին Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում է, մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերում, այդ թվում՝ մեր պետության ռազմավարական դաշնակից Ռուսաստանից (ԱՄՆ-ը, օրինակ, Աֆղանստանում օգտագործված ու այնտեղից դուրս բերվող զինտեխնիկան հրաժարվեց վաճառել Ադրբեջանին՝ հակամարտության մեջ գտնվող երկրին չզինելու հիմնավորմամբ: Նավթադոլարային յուրօրինակ հարբածության մեջ ընկած ալիեւյան վարչախումբը, ի թիվս այլ զինատեսակների, նաեւ տանկեր է ձեռք բերել, նաեւ ռուսական Տ-90 տեսակի: Տասնյակներով, եթե ոչ՝ հարյուրով:
Եվ ի՞նչ: Գերազանցապես ժամկետային զինծառայողներից կազմված Հայաստանի «տանկային հավաքականը» մասնագիտական մրցույթում, աշխարհի առաջնությունում գրավում է երկրորդ տեղը, ըստ որում՝ մրցելով պայմանագրային ու սպայական կազմ ունեցող հզոր տերություններ ներկայացնող անձնակազմերի հետ, առանձնապես չօգտվելով տանկային զանազան նորամուծություններից: Մերոնք որպես մրցանակ մեկ հատ Տ-90 տանկ են շահել եւ պատրաստվում են ավելի մանրամասն ուսումնասիրել դրա ուժեղ եւ խոցելի հատկությունները:
Իսկ հուլիսի վերջին ու հատկապես օգոստոսի առաջին տասնօրյակում Ադրբեջանն ուղղակի ռազմական արկածախնդրության դիմեց՝ առանձին դիվերսիոն ելուզակությունների, դիպուկահարների ակտիվության մարտավարությունը զուգահեռելով հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներով: Որքան էլ կանխատեսելի էր թշնամական կողմի այդ դրսեւորումը՝ նախագահների Սոչիի հանդիպմանն ընդառաջ, միեւնույն է, ամենակարեւոր հարցերից մեկն այն էր, թե Հայաստանը, Արցախը, հայկական զինված ուժերը եւ հասարակությունը ինչպես «կպահեն հարվածը»:
Ու այստեղ է, որ դրսեւորվեցին շատ կարեւոր հատկանիշներ: Նախ՝ հասարակությունը եւ ապա՝ բոլոր քաղաքական ուժերը միակամություն դրսեւորեցին: Կարեւորը Հայրենիքի պաշտպանությունն է:
Մինչ այդ մեր զինվորները, թեկուզ զոհերի գնով, կարողացան հստակ դիմագրավել թշնամուն ու, բազմապատիկ ավելի մեծ կորուստներ պատճառելով, ինչպես հիմա ընդունված է ասել՝ խաղաղություն պարտադրել թշնամուն: Ավելին՝ չափազանցություն չի լինի ասել, որ հենց մեր զինված ուժերի կտրուկ ու անխնա հակահարվածը ձախողեց Ադրբեջանի ու նրա ենթադրյալ հրահրողների ծրագրերը:
Մեր զինվորն ու մեր բանակը «սահմանային պատերազմի» այս փուլում էլ հաղթեցին: Եթե կուզեք, դա մարտական պատրաստականության, արի ոգու եւ տեսակի առավելության հարց է:
Ինչո՞վ կարողացավ պատասխանել Ադրբեջանը, որի ազգային հերոսը, ինչպես հայտնի է, քնած մարդ կացնահարող ստահակն է: Նմանօրինակ մի ստահակությամբ. դեռ քննության ենթակա հանգամանքներում իրենց ճիրաններն ընկած (օգոստոսի 7-ին է դեպքը տեղի ունեցել) Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին նախ կտտանքների ենթարկեցին՝ ներկայացնելով որպես դիվերսանտի, ապա սպանեցին:
Նկատենք, որ վերջին տարիներին սա առաջին նման փաստը չէ, երբ ադրբեջանական կողմը գերեվարում է սահմանամերձ հայկական որեւէ բնակավայրի խաղաղ բնակչի, նրան ներկայացնում որպես հետախույզ կամ զինծառայող, ապա խոշտանգելով սպանում: Ըստ էության, սա ռազմական հանցագործություն է, Ալիեւն էլ իրեն հենց ռազմական հանցագործի պես է պահում:
Ի դեպ, կոնկրետ Կարեն Պետրոսյանի գործի վերաբերյալ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ ասել է, որ ձեռք բերված տվյալների հիման վրա առաջ է քաշվել ՀՀ քաղաքացուն մեր տարածքից առեւանգելու վարկածը: Ըստ այդ վարկածի՝ ստացվում է, որ ադրբեջանական կողմից փոքրաթիվ հետախուզական խումբը Չինարիին մերձակա տարածքում դարանակալել է, ապա առեւանգել Կարեն Պետրոսյանին:
Ակնհայտ է, որ սահմանագոտու տվյալ տեղամասում հսկողության ու պահպանության մոտեցումները պետք է էապես վերանայվեն՝ ինչպես թշնամական ներթափանցումը լիարժեք բացառելու, այնպես էլ անմեղ մարդկանց՝ ակամա գերի չդառնալու նպատակադրումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել