«Ավանդություն», «Եկեղեցական ավանդություն», «ժողովրդական ավանդություն», «Ազգային ավանդություն», «Սրբազան Ավանդություն» հասկացություններին խոնարհաբար մեր հարգանքի տուրքը մատուցենք և հանգիստ թողնենք:  Փորձենք «Ամենայն Հայոց» սրբազան տիտղոսի մասին խորհել մեր այսօրվա իրական կյանքի և  բուն իմաստի լույսի ներքո:

Երբ  «ընկեր» բառը փոխարինվեց «պարոն», «օրիորդ» և «տիկին» բառերով հասարակական  ոգևորություն էր առաջացել: Մինչև այսօր էլ դա պետականորեն ամրագրված պաշտոնական դիմալաձևն է: Կա նաև ավելի պաշտոնական կամ առավել հարգալից «տիար» դիմելաձևը, որը ընդամենը ընդգծում է տվյալ պարոնի «վաստակավոր պարոն» լինելու հանգամանքը: Դա շատ նորմալ է և ստեպ ստեպ բոլոր պարոններն էլ կարող են նաև տիար կոչվել, դրա համար բավական է միայն կին  չլինելը:  

Իսկ ի՞նչ նախապայմաններ են պետք  «Ամենայն Հայոց», այսինքն «Ամբողջ Հայության»  կամ «Համայն Հայության» տիտղոսը կրելու համար:

Հովհաննես Թումանյանին ըստ արժանվույն Ամենայն Հայոց բանաստեղծ ենք կոչում և որևէ հայի մտքովն անգամ չի անցնի վիճարկել այդ տիտղոսի արդարությունը, որովհետև Հովհաննես Թումանյանը իրոք Ամենայն Հայոց բանաստեղծ է:  Փաստենք նաև, որ այլ արժանավոր հայեր էլ ենք ունեցել` թե՛ տղամարդ և թե՛ կին,  և այսօր էլ ունենք, որոնք այդ տիտղոսը ոչ թե ձրիաբար ժառանգել են և տենչում են այն ձրիակերի նման միայնակ մսխել, այլ այդ տիտղոսին արժանացել են իրենց ապրած կյանքով ու իրենց կատարած գործերով և վստահաբար նրանց կարող ենք Ամենայն Հայոց կոչել: Չթվարկենք այդ անունները, դրանք փառք Տիրոջը` շատ են:

Ընդունված է նաև Երևան քաղաքը անվանել իբրև ամենայն հայոց մայրաքաղաք, սա նույնպես անվիճարկելի փաստ է և համապատասխանում է իրականությանը: Միգուցե այլ օրինակներ նույնպես  կարելի է բերել, բայց հիմա դա այնքան էլ կարևոր չէ, կարևորն այն է թե որքանո՞վ է համապատասխանում իրականությանը  Արամ Ա – ի կամ Գարեգին Բ – ի «Ամենայն Հայոց» կոչվելը: Խնդրում եմ հիշենք, որ նախապես պայմանավորվեցինք «ավանդություններին» հանգիստ թողնել, այլապես եթե սկսենք ավանդություններով հիմնավորել, ապա, իհարկե, եկեղեցական ավանդությամբ և խաղաղ պայմաններում` Ամենայն Հայոց կաթողիկոսի Աթոռը պետք է լինի Էջմիածնում ու միայն Էջմիածնում:  

Արամ Ա-ն իր գործունեության շրջանակներն ու սահմանը ունի, իսկ Գարեգին Բ-ն` իր: Ո՛չ առաջինը և ո՛չ էլ երկրորդը` որպես այդպիսին Ամենայն Հայոց կոչումը (կարծում եմ իրենք էլ համաձայն կլինեն), առայժմ չեն վաստակել: Նորին Սրբություն Արամ Ա կաթողիկոսը հիմնվելով չգործող եկեղեցական ավանդության վրա` փորձում է այն գործող դարձնել,  իսկ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը այն կրում է արդեն իսկ գործող եկեղեցական ավանդության համաձայն:

Սակայն, Նորին Սրբություն Արամ Ա Վեհափառ Հայրապետը եթե համոզված է, որ  բացի այլ օրինական իրավունքներից նաև բարոյական իրավունքն ունի Ամենայն Հայոց կաթողիկոս կոչվելու, ապա, իմ կարծիքով հարցը առանց բարդությունների լուծելու համար (քանի դեռ դա հնարավոր է)` անհրաժեշտ է տեղերում` չորս Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչների մասնակցությամբ` նոր պատգամավորական ընտրություններ կազմակերպել և նորընտիր պատգամավորների մասնակցությամբ` շտապ Ազգային եկեղեցական ժողով գումարել, որովհետև հենց այս մարմինն է, որ պետք է հռչակի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոսություն:

Ազգային Եկեղեցական ժողով գումարվելու դեպքում բացի այս խնդիրը` կլուծվեն նաև այլ խնդիրներ, որոնցից կարևորագույններն են.

  1. Կուսակրոնության վերանայումը: Ամենայն Հայոց Կաթողիկոսական թեկնածու կարող են լինել միայն օրինական ամուսնացած հոգևորականներ:
  2.  Ամենայն Հայոց Կաթողիկոսները ցմահ չպետք է ընտրվեն, այլ յուրաքանչյուր յոթ տարին մեկ` Սուրբ մյուռոնօրհնեքից առաջ պետք է տեղի ունենան կաթողիկոսական նոր  ընտրություններ, որպեսզի ազգը լսի գործող Ամենայն Հայոց կաթողիկոսի հաշվետվությունը և համոզվի, որ իր հոգևոր առաջնորդի հետ մտավոր, հոգեբանական կամ դավանաբանական շեղումներ տեղի չեն ունեցել և ծանոթանան նաև այլ հոգևորականների ծրագրերին:

 

Ազգային Եկեղեցական ժողովը շատ այլ հարցեր նույնպես կարող է վերանայել,  որի արդյունքում մենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կունենանք ֆինանսատնտեսաճարտարապետաշինարարական բաժնի արհեստավարժ  ղեկավար, ով կշարունակի ներկայիս Ամենայն Հայոց կաթողիկոսի ուշագրավ աշխատանքը, և կունենանք ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոս, ով կշարունակի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի  սրբազան գործը:

Սա շատ  սուրբ ու նուրբ հարց է և այն իսկապես բազմակողմանի ուսումնասիրություն ու հեռատեսություն է պահանջում:

Իսկ առայժմ ավելորդ չէր լինի վերհիշել  Ամենայն Հայոց բանաստեղծի խոսքերը.

Անց են կենում սեր ու խնդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,

Մահը մերն է, մենք մահինը,

Մարդու գործն է միշտ անմահ:

 

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,

Որ խոսվում է դարեդար,

Երնե~կ նըրան, որ իր գործով

Կապրի անվերջ, անդադար:

 

Գենադի Մնացականյան

Աստվածաբան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել