Զինվորի օրագիր
Արցախ, Հադրութի շրջան, գյուղ Մելիքաշեն, 03.05.92թ.
Հոգնած երեկվա ռմբակոծությունից` արեւը ծուլորեն բարձրանում էր: Հեռվում կապույտին էր տալիս Արաքսը` հայոց մայր գետը: Չորս կողմը լռություն է, կրակոցները դեռ չեն սկսվել:
Գյուղացիները հավաքվում են եկեղեցու բակում: Մելիքաշենն արթնացել է, շարունակվում է կյանքը բնության այս գեղեցիկ, հիրավի դրախտային լեռնաշխարհում:
Անհանգիստ է ադրբեջանաբնակ Նորաշենը: Այս խորիմաստ լռությունը, հայկական լեռների վեհությունը, հանգիստ չի տալիս թշնամուն: Կարծես սկսվում է... Հատուկենտ կրակոցներին ինչպես միշտ հաջորդելու է մեր գեղեցիկ գյուղերի ռմբակոծությունը: Բարձունքում ծածանվում է հայոց եռագույնը, ծածանվում հպարտ, պարում զեփյուռի հետ գրկախառնված: Իսկ թշնամին կատաղում է, դժգոհում են նաեւ մեր գյուղացիներից ոմանք: ... Փորձում էին համոզել, որ իջեցվի հայոց դրոշը: Վախենում էին... Գյուղում ընկած արկերն անում էին իրենց սեւ գործը:
Հոգնել է Հադրութը, հոգնել է ոչ թե մեր արդար ու սուրբ պայքարից... Հոգնել է սպասելուց: Թշնամու հրանոթների կրակոցները մնում են անպատասխան: Զենք չկա, չկա զինամթերք:
Խրամատից իջնում են տղաները: Գիշերը հանգիստ էր անցել... Մայիսյան գեղեցիկ առավոտ է, խոցված թշնամու գնդակներից: Ղարադաղլուն ձայնակցում է Նորաշենին, իսկ մենք լռում ենք: Լռում եւ սպասում: Իրոք հոգնել ենք, հոգնել ոչ թե մեր հողը պաշտպանելուց:
Հոգնել ենք սպասելուց...:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել