Մենք ապրում ենք անտիհերոսի ժամանակաշրջան: Հերոսները զոհվեցին պատերազմում կամ խաղաղության մեջ: Վերջին հանգամանքը ծանրացավ հաղթանակած ազգի ուսերին, նրանց ուսերին, ովքեր մինչ այդ էլ շատ-շատ էին կորցրել (հիմա հույսով ու հավատով համախմբվել էին իրենց առաջնորդների շուրջ, որոնցից, ավաղ, դաժանորեն պիտի հիասթափվեին): Երկիրը լցվեց աղքատությամբ, կուսակցություններով ու թերթերով:
Բոլո՛րը քաղաքագետներ դարձան:
Սկսվեց հայհոյակռվի մի երկար, մղձավանջային շրջան, հայհոյակռիվ, որը հրապարակախոսություն հորջորջվելու հավակնությունն ուներ:
Ու… գնա՜ց դատարկ գնացքը նաիրյան երկրով…
Իմ այս գրվածքը նաիրյան մեծ երկրով ետուառաջ անող այդ գնացքի միակ ուղևորի (չասենք վագոնավարի)` անտիհերոսի օրագրից մի հատված է զետեղում իր էջերում:
Հրապարակախոսությո՞ւն է սա, արդյոք…
Բանաստեղծի ժամանակը սկսվում է վերջին բանաստեղծությունից: Բանաստեղծի խորհուրդը կա ուրեմն: Ես դա հասկանում եմ այսպես` ճանաչիր ազգդ, ժողովուրդդ, ցեղդ, կրոնդ- ճանաչի՛ր ինքդ քեզ- ի վերջո, ըմբռնի՜ր տեսակդ:
Եղիր կամուրջ` սրտի ու խելքի:
Ասված է, որ Տեր Աստված նախ առնում է մարդուս խելքը և հետո միայն զրկում կայք ու կարողությունից: Այսպե՛ս եղավ մեր այս 10-15 խաղաղ տարիներին- առնվեց մեր հավաքական խելքը:
Երկփեղկվեց մտավորականությունը,- վարկաբեկվեց, ինչպես ստալինյան կամ մյուս տարիներին,- մի մասը դասալիք եղավ, մի մասը տեսակաթափ եղավ, մի մասին իշխանության կեղծ ու սնոտի ներուժ ներշնչվեց:
Երկփեղկվեց ժողովո՜ւրդը- զուր չէ, որ «գաղթականի» պիտակ ենք կպցրել ինքներս մեզ: Ասենք, ուրիշներն է՛լ քոռ չեն, էնպես:
Լիցքաթափվեց ընտանիքը: Տղամարդը անզորության մատնվեց կենցաղում: Հոգու բարձրագույն գիտությունը` ընկերությունը, անգիտության մատնվեց կամ անգիտացավ:
Փորձե՞նք պատասխանել «ի՞նչ կարելի է անե» հարցին: Փորձենք, ուրեմն, պատասխանել նաև ո՛չ պակաս կարևոր` «Ի՞նչը հնարավոր չի անել» հարցին կամ առավել պարզ` «Ի՞նչն է կամ ո՞վ է խանգարում հաղթանակած ժողովրդի առաջընթացին- դա հոգեբանական իրողությո՞ւն է, թե ծրագրային գործոն»:
Պատասխանը մեկն է- Հառաչա՛նք վաստակեցինք:
Սակայն, իրո՞ք, մեկն է:
Հայնեն ասում էր.- «Մենք` բանաստեղծներս, մեր սեփական դժոխքն ունենք` Դանթեի դժոխքը, չե՞ք սարսափում, չէ որ դա ձեր տեղն է»…
Չե՛ն սարսափում: Հայնե և, մանավանդ, Դանթե, չեն կարդում:
Խոնարհվում են մեր հին ու նոր ֆիդայիների գերեզմանների առջև, և սակայն, մոռացած անձնական ծառայությունները, դռները փակում են փողոցն ընկած նախկին գործընկերների կանանց ու երեխաների առջև:
Չարենց է՛լ չեն կարդում:
Չարենցն ասաց. .»Ո՜Վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Գիտե՞ք, եթե ժամանակին իմանային (ովքե՞ր), որ Չարենցն իր նշանավոր ակրոստիքոսում օգտագործել է Մեծն Հրայր Դժոխքի ճառերի բնաբանը, մենք Չարենց վաղուց ի վեր չէինք ունենա:
Մտավորականությունը միշտ էլ ընդդիմություն է եղել ուզածդ ընդդիմության և ուզածդ իշխանության համար:
Ասացի, որ մտավորականությունը երկփեղկվեց: Ավելացնեմ. ոչ լավ կամ վատ իմաստներով: Անհատը երկփեղկվեց ինքն իր ներսում- Մեկ անհատի մեջ գործել սկսեցին սատանան ու հրեշտակը, զինվորն ու դասալիքը, հայրենասերն ու հայրենա---ը, հայ հրեան ու հայ հայը, հայը և ոչ հայը: Փա՞ռք Աստծո, որ թուրքերը կան: Հայերի մի կարող մասը հա՛յ է մնում, եթե կա թուրքը:
Ոսոխը շեղում է մեր ուշադրությունը նրանցից, որոնց շնորհիվ մեր ժողովուրդը հառաչում է:
Իսկ մեր հասանելիք ժամանակը- սո՜ւղ է:
Մենք թևաբախո՛ւմ ենք վաղուց ընկղմված ջրերի և մեզնից հեռացած մեր եդեմական երկնքի արանքում:
Մեր Արարատը տեսի՜լք է,
Մեր մեծ գետը
խույս է տվել ու
շրջանցում է
երկիրը – մեր եռագույն:
Եվ քանի որ այլոց մտքերը մերը դառնալ չեն կարող- ուրեմն պիտի մի պահ մեծ ժամանակում ընկալենք, որ մտքերի նմանությունը պատրանք է ընդամենը, որովհետև մենք ամեն ինչ տեսանում ենք միմիայն մեր հոգու աչքերով:
Աչքը` աչք, լինի ներսից կամ դրսից: Բոլոր դեպքերում, մեր մտորումների այս նաիրյան դատարկ գնացքի հիմնական ենթակայանում, ինչպես և խոստացել էինք, ներկայացնում ենք մի հատված անտիհերոսի օրագրից, թեպետ խորապես համոզված ենք, որ այս մեջբերումը ոչ մի պատասխան չի ենթադրում Մեծն «Երկիր Նաիրիի» հանրահայտ հարցադրումներին:
ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ Romik Sardaryan