Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
(թարգմանությունը՝ Զ. Բոյաջյանի)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=404019239647017&set=a.336352773080331.69540.100001168322012&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել