Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջան՝նախկին Գանձակը, Ելիզավետպոլը, Կիրովաբադը, ու՞մ է պատկանել...

9-րդ դարի վերջից մինչև 12-րդ դարը Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ 11-րդ դարի կեսին Գանձակին տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088–ին Շադդադյան Փատլունից Գանձակը գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գանձակում ծաղկում է նաև մահմեդական ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը։ 12-րդ դարի 2-րդ կեսին Գանձակի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ 13-րդ դարի սկղբին Գանձակը հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236–ին թաթար–մոնղոլները կործանել են ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորել բնակիչներին. քաղաքը ամայացել է։ Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ։

1905 թվականի հունվարի դրությամբ Գանձակում կար ավելի քան 8 հազար տուն, իսկ քաղաքը անմիջապես բաժանված էր երկու մասերի՝ հայկական և թուրքական։

Գանձակի հայկական մասում (Գանձակ գետի աջ ափը) գտնվում էին հետևյալ թաղամասերը՝

Եկեղեցական
Շուշեցոց (կամ Ղարաբաղցոց)
Բանանցոց
Գետաշենցոց
Աջիշենցոց
Սուլուքեցոց
Նուխիեցոց
Այդ թաղամասերի ազգաբնակչական կազմը ձևավորված էր Պարսկաստանի հայերից, Ջիվանշիրի գավառից (Նախատատաց - Բեգում Սարով, Էրքեջ, Կարաչինար, Ներքիշեն, Հայ Պարիս և այլ), Գանձակի գավառից գյուղերից (Ոսկանապատ - Զուռնաբադ, Չովդար, Միրզիկ, Քարհատ - Դաշկեասն, Աբլիա, Կիրանց, Խաչակապ - Ղուշչու, Բարսում, Նուկզար, Փիփ, Չարդախլու, Ղարադաղլու և այլ վայրերից)

Քաղաքի այսպես կոչված թուրքական մասում (Գանձակ գետի ձախ ափը) կային հայկական թաղամասեր՝

Նորաշեն (Ենի Երևան)
Այգեստան (Բաղմանլար)
Փոքր Այգեստան (Բալա Բաղման)
Չայլուի (Չայլեցոց)
Երևանյան (Երևանցոց)
Սլոբոդկա, երկաթուղային կայարանի շրջանը։

Գյանջա-Կիրովաբադում կար 6 հայկական դպրոց, երկու եկեղեցի: Մինչև 1949 թվականը գործել է Հայկական պետական թատրոնը, որը վերջին տարիներին ղեկավարել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Լևոն Աբրահամյանը: Լույս էր տեսնում ,,Բանվորական Կիրովաբադ,, թերթը:
Խորհրդային տարիներին պարտադիր կերպով Կոմկուսի քաղկոմի քարտուղարներից մեկը և քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալներից մեկը հայ պիտի լիներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել