Շատ տարիներ առաջ էր: 25-26 տարեկան կլինեի:
Առավոտ վաղ Կիևյան կամրջի վրայով ոտքով աշխատանքի էի գնում:
Ուշանում էի ու քայլերս արագացրի:
Կամուրջի կենտրոն որ հասա, 18-20 տարեկան մի աղջիկ տեսա՝ այլայլված, մոլոր կանգնած. աչքերից արցունք էր հոսում:
Կանգ առա:
Հասկացա, որ իր հետ այնպիսի բան է կատարվել, որի համար ուզում է ինքնասպան լինել:
Եկել հասել էր կամուրջին, բայց ցած նետվելու ուժ չէր գտնում իր մեջ:
- Հիմա գնում ենք այստեղից,- ասացի: - Ինչ էլ որ պատահել է, չարժե դրա համար կյանքից զրկվել: Կանցնեն տարիներ, ու դու դա չես էլ հիշի:
Չսպասեցի, որ արձագանքեր, ձեռքս դրի ուսին ու ուղղորդեցի դեպի Հալաբյան փողոց:
Նա հեկեկալով՝ հնազանդվեց ինձ:
Երբ հասանք կանգառին, ասացի՝
- Կսպասեմ այնքան, մինչև որ մի տրանսպորտ նստես ու գնաս այստեղից:
- Պեպանյան, կես ժամ ուշացել ես,- ինքնագոհ-տիրական ազդարարեց հիմնարկի անցակետի տիկինն ապակիների ետևից՝ մատյանում գրանցելով դարակազմիկ փաստը, որի վրա ես թքած ունեի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10204930460125187&set=np.33002662.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել