-Բարև ձեզ: Ի՞նչ կցանկանայիք:
-Այն, ինչ ես եմ ցանկանում դուք դժվար թե բերեք...
-Ներեցե՞ք:
-Ահհհհ: Ինձ ներեք: Թեյ: Ինձ թեյ բերեք:
-Միա՞յն:
-Միայն:
-Շատ բարի:
Եվ ես վստահ էի, թե ինչ եմ ցանկանում կյանքից: Երազանքներս կարծես ուղեղիս մեջ մեծ տառերով տպված լինեին: Վստահ էի, որ չեմ սխալվի, այս անգամ էլ չեմ կոտրվի: Բայց...
-Ձեր թեյը:
-Շնորհակալ եմ:
Հիմա նույնիսկ թեյը չի տաքացնում ձեռքերս: Զգայարաններս չեն աշխատում, իսկ օրգանիզմս միայն մեկ ֆունկցիա է կատարում: Շնչել, արտաշնչել: Այդքանը, որպեսզի պահպանվի իմ այս ոչինչ չարժեցող գոյությունը: Գիտեի, գիտեի որ ճիշտն եմ ցանկանում: Բայց...
Հիմա ինքս էլ չգիտեմ ինչ եմ ցանկանում: Է՞լի եմ սխալվել: Ուզում էի երջանիկ լինես կարծելով, որ երջանկությունդ ինձ կերջանկացնի: Թեկուզ հեռու քեզնից, բայց կկարողանամ, կնդունեմ և վերջապես կազատվեմ այս գրողի տարած անորոշությունից: Սե՞ր: Էլ ինչ սեր, եթե զգացմունքներ էլ չկան: Իսկ հիմա՞: Հիմա թեյս առանց շաքարավազ եմ խմում, քանի որ քաղցրությունը ցավ է պատճառում: Ու՞մ սիրեցիր: Ո՞վ դարձա: Չհավատաս, որ քեզնից հետո ոչինչ չփոխվեց: Որ աշխարհիս երկինքները փուլ չեկան քեզնից հետո: Որ չեմ սպասել, չեմ հավատացել, որ կվերադառնաս: Չհավատաս: Իսկ հիմա՞: Հիմա թեյս առանց շաքարավազ եմ խմում: Եվ սառում եմ: Ինչպես թեյս է հիմա սառում...
-Ներեցեք, իմ հաշիվը կբերե՞ք:
-Այո իհարկե:
Եվ ես վստահ էի, թե ինչ եմ ցանկանում կյանքից: Երազանքներս կարծես ուղեղիս մեջ մեծ տառերով տպված լինեին: Վստահ էի, որ չեմ սխալվի, այս անգամ էլ չեմ կոտրվի: Վստահ էի, որ քեզ երջանիկ տեսնելով, ես կերջանկանամ: Բայց էլ ինչու՞, ինչի՞ համար չեմ համակերպվում: Էլ ինչու՞ է այսքան ցավոտ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել