Վերջերս համացանցում շրջում էին «մանկական» ինչ-որ բանաստեղծություններ, որոնք իրենց գռեհկությամբ, տափակությամբ, ցինիզմով գրավել էին շատ շատերի ուշադրությունը: Շատերն իրենց պարտքը համարեցին տարածել դրանք համապատասխան հումորային մեկնաբանություններով: Ինչ խոսք, շատ լավ է, որ մարդիկ հետաքրքրված են ժամանակից պոեզիայով, գրական զարգացումներով, բայց նման անմակարդակ խզբզանքների պատճառով չարժե սուր ճոճել ժամանակակից գրողների վրա, քարկոծել բոլորին՝ իբր նրանք բոլորն էլ նույն ոճի տխմարություններ են «արտադրում», այն դեպքում, երբ շատ քիչ եք տեղյակ ժամանակակից հրաշալի գրողների ստեղծագործություններից, երբ գրեթե ոչինչ չեք կարդացել կենդանի դասականներից:
Ես անգամ չեմ ուզում անդրադառնալ վերոնշյալ «բանաստեղծություններին», քանզի չարժե աղբը գովազդել. ուղղակի պետք է ուշադրություն չդարձնել դրան, թեթևակի ժպտալ և անցնել առաջ:
Ինչպես ասում են ազատության դար է, և ով ինչ ուզում է, կարող է գրել ու տպագրել. ոչ մի արգելք, բայց դե ժամանակը ամեն ինչ իր տեղն է գցում. աղբը քայքայվում ու կորչում է, իսկ իսկական արժեքները հասնում և մնում են իրենց արժանի բարձունքին:
Հ.Գ. Ամեն դեպքում, ցանկալի կլիներ՝ ամեն ինչ իր տեղում լիներ ժամանակին, ոչ թե ժամանակներ անց: