Araratnews.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և լուծման եղանակները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս տարի աննախադեպ առողջ բերք է ստացվել: Ներկայացնելով գյուղի առաջնահերթ խնդիրները՝ համայնքի բնակիչները խնդրել են Հովիկ Աբրահամյանին աջակցել գյուղի ծայրամասում գտնվող պոմպի համար տրանսֆորմատոր, ինչպես նաև տրակտոր ձեռք բերելու հարցում: Կառավարության ղեկավարը խոստացել է լուծում տալ բարձրացված խնդիրներին՝ հանձնարարականներ տալով պատասխանատուներին: Արգավանդ համայնքի բնակիչները Հովիկ Աբրահամյանին են դիմել համայնքի մանկապարտեզը վերակառուցելու խնդրանքով, ինչին գործադիրի ղեկավարը դրական է արձագանքել և հանձնարարել ներկայացնել նախագիծ-նախահաշիվ: Տանձուտ համայնքում, անդրադառնալով գյուղացիների բարձրացրած հարցին, վարչապետը խոստացել է ևս մեկ խորքային հոր օգտագործելու հնարավորություն ստեղծել: Տանձուտից ուղևորվելով Ալաշկերտ համայնք՝ վարչապետ Աբրահամյանն այցելել է գյուղի բնակիչներից մեկի խաղողի այգի, ծանոթացել 5 հա հողատարածքում իրականացվող ծրագրին: Արձագանքելով գյուղացու խնդրանքին՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ներկայացնել խաղողի տնտեսության զարգացմանն աջակցելու բիզնես ծրագիր: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցելու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողմից ներկայացվող նման բիզնես ծրագրերի իրականացմանը: Իսկ Սարդարապատ համայնքում գյուղացիները խնդրել են կառավարության ղեկավարին վերամշակող գործարանների հետ քննարկել ընդունվող ապրանքների գների փոքր-ինչ բարձրացման հարցը, քանի որ ներկայիս գինը ցածր է, և ստացվող եկամուտը չի ծածկում գյուղացու ծախսերը: Արմավիր քաղաքում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերից Արմավիրի պահածոների գործարանի վերանորոգված վարչական շենք տեղափոխված բնակիչներին: Շենքը վերանորոգվել է 2012 թ. Արմավիրի մարզպետարանի կողմից, ստեղծվել են բնակարանային հարմարավետ պայմաններ, սակայն մինչ օրս այստեղ տեղափոխված շուրջ 50 ընտանիք սեփականաշնորհման վկայագիր չի ստացել: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արմավիրի մարզպետին մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը բոլոր բնակիչներին տրամադրել սեփականաշնորհման վկայագրեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ