Որտե՞ղ են անհետացել փոթորիկից տուժածներին հատկացված միլիոններըArmnewstv.am-ը գրում է.

Վարդենիսում փոթորիկներն անցել են, փոթորկի հետևանքները` դեռ ոչ: Մեկուկես ամիս առաջ փոթորիկն այստեղ պոկել էր 40 տան տանիք, պատուհաններ փշրել ու ծառեր արմատախիլ արել: Կառավարությունն էլ 20 միլիոն դրամ էր հատկացրել վնասի փոխհատուցման համար: Բայց գումարն անհասկանալի ձևով փոշիացել է: Մեկ ամիս առաջ պայքարում էին հզոր փոթորկի դեմ, այսօր ստիպված են պայքարել անթիթեղ տանիքներից հոսող անձրևաջրերի դեմ: Վարդենիսցիներն իրենց ու իրենց թաղերի համար նոր անուն են մտածել:

Փոթորկաթաղի բնակիչներին աղետից հետո խոստացան` կառավարության աջակցությամբ մեկ ամսում նոր թիթեղներ կհատկացնեն ու կոտրված պատուհանների փոխարեն` նոր պատուհաններ: Բայց ամիսն էլ անցավ, ամիսուկեսն էլ, իսկ Վարդենիսում դեռ փոքրաթիվ տներ են փոխհատուցում ստացել: Այն, ինչ այստեղ առատորեն բաժանել են` փոխհատուցման խոստումներն են:

Արմենի տունն էլ, օժանդակ կառույցներն էլ փոթորկից մեծ վնասներ են կրել: Վարդենիսի Երևանյան փողոցի բազմաթիվ բնակիչների տներ առանց ծածկի են մնացել ու հիմա տանիքի գումարին ավելացել է նորոգման ծախսը, քանի որ սենյակների առաստաղները թրջվում են անձրևից: Ի տարբերություն Երևանյան փողոցի, Սախարովի փողոցի բնակիչները նոր կտուրների համար թիթեղներ ստացել են: 

Ո՞ւր է կորել կառավարության հատկացրած 20 միլիոն դրամը և ինչո՞ւ թիթեղները բոլոր տներին չեն հասել: Սա փոթորկից հետո Փոթորկաթաղի բնակիչներին հուզող գլխավոր հարցն է: 

Բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց հատկացված օգնությունը ինչ որ օղակ յուրացրել է: Քաղաքապետի ու փոխքաղաքապետի հետ հանդիպել մեզ չհաջողվեց: Հանգստի էին մեկնել: Սակայն Վարդենիսի փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, թե կառավարությունից իրենք անհրաժեշտ օգնության միայն 50 տոկոսն են ստացել: Աշոտ Դավթյանը նշեց նաև` կառավարության աջակցության երկրորդ մասը ստանալուն պես կհատկացնեն առանց տանիք մնացած բնակիչներին:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել