Times.am-ը գրում է.

Մեր երկրի լրահոսին հետևելիս, մեղմ ասած, բացասական տպավորությունների պակաս չես զգա: Երևի հակառակը պիտի ասեի. դրական երևույթների մասին նյութեր կարելի է գտնել միայն երկար փնտրտուքներից հետո. ամենուր սպանություններ, վթարներ, ծանր կանխատեսումներ տնտեսական անկումից մինչև ինչ որ ապրանքի թանկացում և այլն: Հռոմեական մի ասացվածքի համաձայն. «Գերուն ստրուկ մտրակը չի դարձնում, այլ խոսքը»: Այսինքն մեր հանրությանը ինքնակործանման համար բոլորովին էլ սպանություններ և վթարներ պետք չեն, բավական է դրանց մասին շատ խոսել: Հայկական պետականության ցանկացած ոլորտի մասին գրառումները էլեկտրոնային հարթությունում հիմնականում բացասական են:

Սակայն շնորհիվ ադրբեջանական ագրեսիայի, որը վերածվեց կարճատև, ինչպես մասնագետներն են ասում, հնգօրյա միկրոպատերազմի, մեր հասարակությունը ու հատկապես լրատվադաշտը կարծես արթնացավ քնից ու հասկացավ մի կարևոր բան. երկրում կա մի կառույց, որը ապաքաղաքական է, որը զուտ իշխանության խորհրդանիշը չէ, որը ազգային է, որի վրա շատ ցեխ է շպրտվում, որը սակայն բոլորի համար է պատասխանատու, և իր իրական խնդիրը փայլուն է կատարում: Եվ օգոստոսի մեկից սկսածմեր հանրությունը արթնացավ մի նոր հայրենիքում, մի երկար, բայց նոր պատերազմ հաղթած հայրենիքում, հաղթող բանակի հայրենիքում:

Գիտեք, քսանմեկերորդ դարում հատկապես մի քանի երկիր կա, որոնք գրեթե բոլորը գերտերություններ են, սակայն կա մի հնամենի ազգ ու հայրենիք, որը դեռ ոչ մի անգամ հավասար հակառակորդի չի պարտվել ոչ մեր թվարկութունից առաջ, ոչ էլ քսանմեկերորդ դարում: Եվ ահա, այս նոր հաղթանակը այս հին ազգին կարծես նոր թևեր տվեց, նոր շունչ ու նոր իրականություն: Հայոց բանակի այս հաղթանակից հետո էլ ժամանակը երկու մասի բաժանվեց բաժանվեց մինչ հաղթանակը և դրանից հետո: Բանն այն է, որ մարդիկ հասկացան որ բանակը քաղաքական ուժ չէ, քաղաքական գործիք չէ, ինչպես պնդում էին որոշները, բանակը համազգային արժեք է, բանակը մեր որդիներն են, բանակը մեր շարքն է մեր բոլորի, մեր զավակների: Այս հանրությունը, որ վաղուց կարոտ էր հերոսի կերպարի, առաջնորդի կերպարի, որ Արցախյան պատերազմից հետո լսում էր միայն վատ զարգացումների մասին, ստացավ դրական ազդակների այն անհրաժեշտ չափաբաժինը, որ հարկավոր է նորմալ զարգացման համար: Հնգօրյա այս պատերազմը, սակայն, այլ բաներ ևս հանեց ջրի երես.

1. Հայոց հանրությունը միասնական է, ու քաղաքական էլիտան ձևավորում է ազգային քաղաքական մշակույթ, քաղաքական ուժերը ի վիճակի են օրհասական պահին մի կողմ թողնել իրենց խնդիրները և միավորվել:

2. Հայկական սփյուռքը միասնական է ու պատրաստ է օգնության գալ, եթե համապատասխան ճիշտ աշխատանք տարվի այդ ուղղությամբ:

3. Հայ երիտասարդությունը հայրենասեր ու պահանջատեր, իսկ սա մեր ամենակարևոր ձեռքբերումն է: Հայ երիտասարդները զերծ են իրենց հայրերի ու պապերի ռոմանտիկ ռուսասիրությունից կամ ամերիկամոլությունից, նրանք լավ են գիտակցում, որ ամեն ինչ իրենք են լուծելու, որ երկրի տերը իրենք են, և ինչպես որ պահանջում են, իջեցնել տրասնպորտի գինը, այնպես էլ կհավաքվեն ու կկանգնեն բանակի շարքերում և պարտության կմատնեն հակառակորդին: Իսկ սա այս կիսակառուցած պետության ամենամեծ ձեռքբերումն է ու ապագայի հույսը: Այս երիտասարդությունը իր ոտքերի վրա է կանգնած և ոչ մեկի հետ չի կապում իր ապագան, այն ինչ չեն կարողանում անել իրենց հայրերը և պապերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել