140778754488261in.am-ը գրում է.

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ առայժմ չեն բացի սահմանը մարդասիրական շարասյան համար, որը երկրի արևելք է ուղարկել Ռուսաստանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն՝ հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:

«Այդ շարասյունն արտոնված չէ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Շարասյունը, որն արտոնված չէ, չի մտնում Ուկրաինայի տարածք»,- նշել է Լիսենկոն:

Նա հայտարարել է, որ հատուկ պահանջներ կան մարդասիրական բեռի փոխանցման և ստացման համար, օրինակ՝ այն պետք է երկրի տարածք մտնի անցակետով, որը վերահսկում է ստացող երկիրը: Այդ պայմանը, տեղեկատվական գործակալությունների հաղորդմամբ, պատրաստ են կատարել:

Որպես մարդասիրական բեռի փոխադրման երկրորդ պայման Ուկրաինայի անվտանգության խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ այն պետք է ուղեկցվի Կարմիր խաչի աշխատակիցների կողմից: Պետք է համաձայնեցվեն նաև բեռի քանակը, նպատակակետը և փոխադրման երթուղին:

Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին հայտարարել է, որ ցանկացած դեպքում մարդասիրական օգնության ռուսական շարասյունը չի մտնի Ուկրաինայի տարածք: «Մենք չենք քննարկում ուկրաինական տարածքով ռուսական շարասյուների ցանկացած տեղաշարժի հնարավորությունը: Շարասյունը կկանգնի տարանցիկ գոտում, այնտեղ օգնությունը կվերբեռնվի»,- «Գրոմադսկիե ԹիՎի» հեռուստաալիքի եթերում ասել է նա:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեում հայտարարել են, որ իրենց հայտնի չէ բեռների պարունակությունը. նրանց հետաքրքրել են փոխադրման տեսակն ու ծավալը, նաև մարդասիրական օգնության տեղափոխման և պահպանման վերաբերյալ պահանջները: Կազմակերպությունը նշել է, որ պետք է տիրապետի բոլոր մանրամասներին՝ մինչ գործողության մեկնարկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել