1in.am-ը գրում է.
«Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Ալեքսան Կարապետյանը նոր պաշտոնի է նշանակվել: Այժմ նա քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավոր խորհրդականն է: Հիշեցնենք. նա քաղաքաշինության փոխնախարարն էր և աշխատանքից ազատվել է օգոստոսի 5-ին՝ իր դիմումի համաձայն, և նոր պաշտոնին նշանակվել է անմիջապես հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Կարապետյանն ասաց, որ մեկ ամիս առաջ է ազատման նամակ-դիմում գրել և խնդրել իրեն տեղափոխել ավելի թեթև աշխատանքի: Նրա խոսքով՝ ինքը սրտի վիրահատության է ենթարկվել, և առողջական վիճակը չէր ներում փոխնախարար աշխատելու համար:
«Խնդրել եմ ժամանակավորապես տեղափոխել այլ աշխատանքի՝ մինչև առողջական վիճակս կարգավորվի: Շատ ծանրաբեռնված էի: Կաշխատեմ նախարարի գլխավոր խորհրդական, իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը մի քիչ կթեթևանա: Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին, որ հարգեց՝ ընդառաջեց, շնորհակալություն նախագահին, ով հավանաբար ընդառաջել է»,- ասաց Ա. Կարապետյանը՝ ավելացնելով, որ օգոստոսի 12-ից արդեն կանցնի նոր աշխատանքի:
Վերջինս նաև հավելեց, որ փոխնախարար եղած ժամանակ քաղաքաշինության նախարարությունում համակարգել է կոմունալ ձեռնարկությունների, համատիրությունների, նորմատիվա-տեխնիկական բազայի, սեյսմիկ շինարարության ոլորտները, որոնք, նրա խոսքերով, բավականին բարդ բաժիններ են:



