Երբ շուրջ 1 ամիս առաջ որոշեցի կազմել ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստը և որոշակի վիճակագրություն ներկայացնել ընթերցողին, ամենևին պատկերացում չունեի, թե ինչ ելք կունենա։ Սպասում էի, որ սուր քննադատություն պիտի լինի, թե ով եմ ես, որ չափեմ որևէ մեկի հավատքը կամ քրիստոնյա լինելը, և թե ինչպես կարող է նման թեստը օբյեկտիվ ու լիարժեք պատասխան տալ և այլն և այլն։ Եղան անշուշտ նման քննադատություններ, սակայն շատ քիչ (հակված եմ կարծելու, որ քննադատողները նրանք էին, ովքեր սեփական անձի դատապարտությունն էին տեսնում հարց ու պատասխանի մեջ). չքննադատողներն, ըստ երևույթին, մտաբերում էին արտահայտված իմ այն միտքը, թե «Անշուշտ միամիտ կլիներ կարծել, թե 25 կարճ հարցերի միջոցով պիտի միանգամայն իրական պատկեր ստանանք...»։ Ի հեճուկս քննադատողների և ի զարմանս ինձ, շատ ավելին եղան թեստի մասին դրական կարծիքները։
Ո՛չ, խոսքը այն մասին չէ, որ թեստը կատարյալ էր, կամ այն իրական պատկեր էր տալիս, այլ առավելաբար բարձր գնահատվեց այն, որ հարցաշարի միջոցով մարդիկ առիթ ունեցան վերանայելու իրենց հանապազօրյա կյանքը, հասկանալու, որ շատ հաճախ ճշմարիտ պատասխանն իմանալով հանդերձ՝ ձեռքը չի գնում այդ տարբերակը նշելու, որովհետև մի բան է տեսությունը և քրիստոնյա կոչվելը, մեկ այլ բան կյանքը և քրիստոնայայի պես ապրելը։ Հավատացեք, սա և միայն սա էր իմ՝ թեստ պատրաստելու բուն նպատակը։
Ինչևէ, թեև մասնակցությունը թեստին դեռևս շարունակվում է, այնուամենայնիվ այսօր կներկայացնեմ թեստի արձանագրած ցուցանիշերը 1000 մասնակցի համար։ Դիտենք ստորև (նկարի վրա ցուցանիշերը պարզ չերևալու պարագայում մեծացրեք պատկերի չափսը համակարգչից)՝
Արձանագրված ցուցանիշերից, ընդհանուր առմամբ, ակնհայտ է դառնում, որ 1000 հոգուց
1-ին պատասխանը (ամենաբարձր՝ 4 միավոր) ընտրել է 49%-ը,
2-րդ՝ երեք միավորանոց պատասխանները՝ 18%-ը,
3-րդ՝ երկու միավորանոց պատասխանը՝ 11%-ը,
4-րդ՝ մեկ միավորանոց «այլ» պատասխանը (որի տակ բացի տրված պատասխաններից կարելի է հասկանալ ամեն բան) ընտրել է 15%-ը,
5-րդ՝ վերջին 0 միավոր արժեցող պատասխանն ընտրել է 7%-ը։
Ընթերցողին եմ թողնում եզրակացությունը, թե այս տոկոսային պատկերը որքանով է իրական ընդհանուր հայ միջավայրում, իսկ ՍԱՐԿԱՎԱԿԱԳԻՐՔԸ այս թեստի հետ կապված առաջիկայում շատ աշխատանք ունի. առանձին թեմաներով պիտի քննարկենք հարցերից յուրաքանչյուրը՝ տեսնելու, թե կարևոր է արդյոք այն քրիստոնյայի կյանքում։
Աստված օրհնի բոլորին ովքեր անցան այս թեստը, օժանդակեցին և անկեղծ եղան, դե մյուսներին էլ, 1000-ապատիկ ավելին թող օրհնի։
«Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները. ուշադիր վազում եմ աստվածային կոչմանս նպատակակետին՝ Քրիստոս Հիսուսով» (Փիլ. 3:13-14):