Galatv.am-ը գրում է.
Նախագահների Սոչիի հանդիպումը այնքան էլ ոգեւորիչ չէ, այն ֆորմալ առումով Արցախի հարցի շուրջ ոչինչ փոխել չի կարող, քանի դեռ խախտված է բանակցությունների ձեւաչափը եւ Արցախի ներկայացուցիչը չի մասնակցում բանակցություններին:
Այս կարծիքին է ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ես կառանձնացնեմ երկու կետ. նախ, որ Արցախը պետք է ներկայացված լիներ այդ բանակցություններում՝ ի դեմս Արցախի Հանրապետության նախագահի: Եվ երկրորդ՝ այլ հարցեր եւս պետք է հնչեին: Ադրբեջանը գերեվարված խաղաղ բնակիչների հետ ինչպես է վարվում՝ մեզ վերադարձնելով նրանց դիակները: Այդ հարցերը, կարծում եմ, նույնպես պետք է քննարկվեին»:
Ժառանգության պատգամավորի խոսքերով՝ եթե իրականում լիներ ցանկութուն՝ բանակցային գործընթացի միջոցով ԼՂ հարցը լուծելու, ապա ոչ թե պետք է այնտեղ հրավիրված լինեին Ալիեւն ու Սարգսյանը, այլ նաեւ՝ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը:
«Մենք միանշանակ տեսնում ենք, որ երկու բռնապետներին էր հրավիրել Վ. Պուտինը եւ ցանկանում է տանել ոչ թե բանակցային գործընթացին բնորոշ կազմակերպչի դեր, այլ ինքը իր խնդիրն ունի:
Երեկ ես ուսումնասիրել եմ ռուսական բոլոր լրատվամիջոցների արձագանքը: Ակնհայտ էր ուղերձը, իբր թե Ռուսաստանի նախագահը նախաձեռնել է մի խաղաղասեր գործընթաց, որը աննախադեպ պատմական մի հանդիպում է: ՌԴ կողմից քարոզչությունը այս համատեքստում էր: Եվ գնահատականներ տալ, որ մենք ունենք այդ հանդիպումից ինչ-որ ակնկալիքներ, բացարձակապես այդպես չէ:
Հասկանալի է, որ ՌԴ-ն ունի իր սեփական շահը, եւ այդ հանդիպումը բռնապետերի մի հանդիպում էր, որոնց հրավիրողը եւս ավտորիտար ռեժիմի ղեկավար է»:
Ս. Սարգսյանը երեկ Սոչիում խոսում էր ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ շեշտելով, որ այն պետք է լինի խաղաղ բանակցությունների եւ փոխզիջման ճանապարհով: Իսկ ավելի ուշ Սոչիի հանդիպմանը հաջորդած հարցազրույցի ժամանակ անդրադառնալով խաղաղապահ ուժեր տեղակայելուն՝ կարեւորում էր Մադրիդյան սկզբունքները, ինչը ԼՂՀ վարչապետը օրերս համարել էր անընդունելի:
ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զ. Փոստանջյանը, անդրադառնալով այս երկու կարեւոր կետերին, ասաց.
«Նախ Ս. Սարգսյանը իրավասու չէ խոսել Արցախի Հանրապետության քաղաքացիների անունից եւ ոչ էլ ՀՀ քաղաքացիների անունից: Մադրիդյան սկզբունքներին հղում կատարելը իր մեջ պարունակում է մի շարք քրեորեն հետապնդելի արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ Քրեական օրենսգրքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



