Առ այսօր բազմաթիվ տնտեսագետներ ու գործարարներ իրենց ծրագրերը իրականացնելիս մեծ վստահություն են տածում 18-րդ դարի տաղանդավոր անգլիացի տնտեսագետ ու փիլիսոփա Ադամ Սմիթի այն տեսությանը, համաձայն որի շուկան կարգավորվում է «Անտեսանելի Ձեռքի» շնորհիվ, ոմանք նույնիսկ շատ ավելի հեռուն են գնում եւ Ադամ Սմիթին համարում են որպես տնտեսագիտության հովանավոր սուրբ եւ առաջնորդվում են բացառապես «Անտեսանելի ձեռքի» սկզբունքներով: Միգուցե եւ ճիշտ են անում, որովհետեւ այդ Անտեսանելի Ձեռքը թերեւս գործում է եւ գործում է ոչ միայն տնտեսագիտության մեջ ու կապիտալի հետ առնչվող հարցերում, այլ գործում է ամենուր:
Հայ հասարակությունը այս մեկ շաբաթվա մեջ փոխվեց: Սահմանամերձ շրջաններում հակառակորդի դիվերսիաներ իրականացնելու փորձերը ստիպեցին բոլորին լրջանալ ու համախմբվել, պաշտպանության նախարարության ղեկավարությամբ հակառակորդին հասցրած մեր խիզախ զինվորների արժանի հակահարվածները բոլորիս ավելի գոտեպնդեցին, ոմանք, իհարկե, քաղաքական միավորներ վաստակելու համար փորձ կատարելու գայթակղությանը չդիմացան, սակայն դրանք լուրջ հակասությունների պատճառ չդարձան: Սփյուռքում նույնպես մեր հայրենակիցները չզլացան անհրաժեշտության դեպքում աջակից լինել: Հայ Առաքելական եկեղեցին մի քանի անգամ արձագանքեց ու իր զորակցությունը հայտնեց՝ այցելություններ կազմակերպելով զոհված զինվորների ընտանիքներին, ինչպես նաեւ Զինված Ուժերում ծառայող մոտ քառասուն հոգեւորականներ այս օրերին առավել ակտիվ էին սահմաններում՝ խաչը ձեռքներին կանգնելով զինվորի կողքին ու պատրաստակամ՝ հարկ եղած դեպքում զենք վերցնել ու կռվել: Բժիշկները նույնպես կազմ ու պատրաստ էին նվիրվելու իրենց գործին, առանձին հայտարարությամբ հանդես եկավ Արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ առանձին նախարարներ, մի խոսքով Հայաստանը փոխվել է բառի բոլոր դրական առումներով: Սակայն ո՞ր կուսակցությունը կստանձնի այս իրավիճակի «պատասխանատվությունը», ո՞ր կազմակերպությունը կամ ո՞վ կարող է ասել, որ սա մեր ծրագիրն էր, որ մենք իրականացրեցինք ու ժողովուրդը զգաստացավ ու համախմբվեց: Ոչ ոք չի կարող ասել, սա հենց այն «Անտեսանելի Ձեռքն» է, որ գործում է եւ անառարկելի է, որ այստեղ Աստուծո մատը խառն է:



