GalaTV.am-ը գրում է.
Սոչիում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին- Իլհամ Ալիեւ հանդիպմանը «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը երկու տեսանկյունից է գնահատական տալիս: Առաջինն, ըստ քաղաքագետի, այն է, որ առաջին անգամ էր, որ Սերժ Սարգսյանը հստակորեն դիրքորոշում հայտնեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի վերաբերյալ: «Մի բան, որ փորձագիտական մակարդակով շատ անգամ ասվել է, խոսքը նրա մասին է, որ այդ փաստաթղթերը իրենց մեջ պարունակում են տարբեր պարտավորություններ՝ ուղղված երկու կողմերին: Եվ եթե կողմերից մեկը չի կատարել պարտավորությունները, չի կարող այդ փաստաթուղթը հիմք ընդունել իրավունքների հաստատման համար: Ալիեւը իր խոսքի մեջ պարզապես ստեց, ինքը օգտագործեց անվերապահ բառը, այսինքն իբր թե բանաձեւով առանց նախապայմանների կոչ է արվում հայկական կողմին զորքերը դուրս բերել»,- ասաց քաղաքագետը:
Մյուս կողմից, ըստ Արա Պապյանի, հանդիպման ընթացքում վերահաստատվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պարտավորությունները: «Շատ անորոշություններ կան այդ հարցի հետ կապված, չնայած ավելի որոշակիացան բացասական առումով: Հստակորեն Լավրովը արտահայտվեց, որ Հայաստանը առանձին միավոր է եղել եւ այդպես է մտնում, իսկ ԼՂՀ-ն՝ ոչ, հետեւաբար այստեղ հարցեր կան, սահմանային ռեժիմը ինչպե՞ս պետք է աշխատի»:
Անդրադառնալով նախագահների հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքին, թե հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման հիման վրա, քաղաքագետն ասաց. «Այդտեղ հերթական անգամ փաստեցին, Լավրովն էլ էր նշում, որ խաղաղ միջոցներով, համադրելով տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, ըստ էության փոխզիջումն այդ դաշտում է: Մինսկի հիմնադրույթներն էլ այդպես է, սկզբունքը՝ տարածքները՝ խաղաղության դիմաց»:
Արա Պապյանի խոսքով՝ իրեն համար անընդունելի է այդ փոխզիջումը, որովհետեւ Ադրբեջանին տարածքներ հանձնելը չի հանգեցնելու խաղաղության, այլ ընդհակառակը՝ շատ ավելի հավանական է պատերազմը, եւ որեւէ փուլային լուծում մեր պարագայում չի կարող աշխատել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



