143302649Ջահաննամը (արաբ.՝ جهنّم)` գեհենը, իսլամում դժոխքի հիմնական անվանումներից է: Ղուրանում և մուսուլմանական էսխատոլոգիայում այն վայրն է, որտեղ մարդկանցից և ջիններից  մեղսագործները և անհավատները պատժի կենթարկվեն: Ջահաննամի հոմանիշներն են՝ ան-նար (النار՝ կրակ), ալ-ջահիմ (الجحيم՝ կրակ), սակար (سقر՝ դժոխք), հաուիյա (هوية՝ անդունդ) և այլն: Դժոխային չարչարանքների կերպարը մեծ դեր է խաղացել ղուրանական քարոզի մեջ, եղել է ունկնդիրների զգացմունքային համոզման և սարսափեցման հիմնական միջոցներից մեկը. դրա հետ կապված են Ղուրանի մի շարք այաթներ:
Ջահաննամի զոհերը այրվելու են կրակների մեջ. «Մենք կայրենք նրանց կրակում: Ամեն անգամ, երբ այրվի նրանց կաշին, մենք այն կփոխարինենք նորով, որպեսզի նրանք համտեսեն պատիժը» (Ղուրան4:56): «Կրակը այրում է նրանց երեսները, և նրանք այնտեղ տխուր են» (Ղուրան 23:104): Մեղսագործները այնտեղ շղթայակապ են. «նրանց հանդերձանքը խեժից է, նրանց երեսը ծածկում է կրակը» (Ղուրան 14:50): Նրանց սնունդը ջահաննամի խորքում աճող զակկում (زقوم) ծառից է. «նրա պտուղները շայտանների գլուխներ են» (Ղուրան 37:62-66, 56:52-54): «Նրանց խմելիքը եռման ջուրն է» (Ղուրան 37:67, 38:57, 56:54): Դժոխքի ամենաանտանելի չարչարանքներից է «կիզող» ցուրտը: Մեղսագործների տարբեր կարգեր տեղավորվում են դժոխքի տարբեր շերտերում (դարակներ) և այնտեղ մտնում են տարբեր դարպասներից (Ղուրան 4:145, 15:44, 39:72): Դրախտը հսկում է հրեշտակներից կազմված մի պահակախումբ (զաբանիյա), որոնցից գլխավորն է Մալիք հրեշտակը (43:77):

Հետղուրանական ավանդույթը նկարագրում է դժոխքում գոյություն ունեցող նեխած և եռման ջրով ավազանները, անտակ ջրհորները և այլն:

Ղուրանում հայտնաբերվում է ջահաննամի բնության պատկերացման մասին երկու տարր: Առաջինի համաձայն, ջահաննամը մի սարսափելի, մռնչացող, «զայրույթից պայթելուն պատրաստ» մի կենդանի է, որը կուլ է տալիս մեղսագործներին (Ղուրան 89:23, 67:7-8): Այս պատկերացումը ավելի ուշ շատերի կողմից լրացվել է հեքիաթային-առասպելական մասնիկներով: Համաձայն մյուս պատկերացմանը՝ ջահաննամը մի խորին անդունդ է, որտեղ տանում է յոթ դարպաս (16:44, 39:72): Աստիճանաբար այդ կերպարը ստացել է ձագարաձև բնույթ՝ շրջանակներով, որոնք սահմանազատում են մեղսագործների տարբեր կարգերը: Դժոխքի նման կերպարը տանում է դեպի վաղ արևելյան ավանդույթներ: Մուսուլմանական ձևով նա ազդեցություն է ունեցել դժոխքի մասին եվրոպական պատկերացուների վրա, մասնավորապես նրանց, որոնք արտացոլվել են Դանթեի «Աստվածային կատակերգությունում»:

Ջահաննամի ղուրանական նկարագությունները մուսուլման աստվածաբանների առջև մի քանի խնդիր դրեցին: Դրանցից մեկը ջահաննամում մեղսագործների հավերժ մնալու մասին խնդիրն է: Ղուրանի այաթները թույլատրում են խոսել և՛ հավերժ, և՛ ժամանակավոր պատժի մասին:Սուննիական իսլամում Ալլահի ողորմածության, Ահեղ դատաստանի օրը Մուհամմադի կողմից մուսուլմանների պաշտպանության մասին պատկերացումները միաձուլվել են այն պատկերացումներին, որ ջահաննամում հավերժ կմնան միայն անհավատները, իսկ հավատացյալների համար՝ նույնիսկ ամենամեղսագործ, ջահաննամի չարչարանքները հավերժ չեն:
Մյուսը ջահաննամի արարված լինելու և հավերժության մասին խնդիրն է: Ավելի շատ տարածում է ստացել այն տեսակետը, որի համաձայն ջահաննամը, ինչպես և ալ-ջաննան, արարված է և գոյություն ունի, այլ ոչ թե կստեղծվի Ահեղ դատաստանի օրվան մոտ, ինչպես դա պնդում ենմութազիլիականները:
Եվ վերջապես, մշտապես առկա է եղել ջահաննամի նկարագրությունների այլաբանական մեկնաբանումը: Արդեն մութազիլիականները նման կերպով փորձում էին մեկնաբանել ավանդական պատկերացումների խիստ կոնկրետ կերպարներ. մասնավորապես, նրանք ժխտում էին, որ ջահաննամի վերևում կամուրջ գոյություն ունի: Ջահաննամի որոշ փորձությունների և չարչարանքների հոգևոր բնույթը ընգծել են տարբեր ուղղությունների շատ աստվածաբաններ, ինչպես օրինակ ալ-Ղազալին և իբն Սինան: Ջահաննամի որոշ նկարագրությունների սիմվոլիկ մեկնաբանմանը հակված են նաև մուսուլման մոդեռնիստները: Դրան հակառակ՝ ավանդապաշտները շարունակում են հաջողությամբ օգտագործել ջահաննամի մուսուլմանական կերպարը սեփական հետևորդների վրա ազդելու նպատակով:

 Աղբյուրները՝ Ислам. Энциклопедический словарь

                           Коран. Перевод И. Ю. Крачковского
                           Аль-Ашкар У. С. – Рай и ад
                           Петрушевский И. – Ислам в Иране

Թարգմանեցին՝ Ն. Գաբրիելյանը և Գ. Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել