Araratnews.am-ը գրում է.
Հայաստանում Էբոլայի վիրուսով հիվանդ չկա: Ներթափանցման հավանականությունը խիստ ցածր է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ մասնագետները հորդորում են չմեկնել աֆրիկյան նշված երկրները:
2014թ. մարտ ամսից համաճարակային իրավիճակը սրվել է Հարավային Աֆրիկայում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա-Լիոնեում։ Հունիսի 30-ից դեպքեր են արձանագրվել նաև Նիգերիայում: Ընդհանուր առմամբ հիվանդացել է 1711 մարդ, լաբորատոր հետազոտությամբ հիվանդությունը հաստատվել է 1070-ի մոտ, որոնցից 603-ը` մահվան ելքով։ Կասկածելի հիվանդների շրջանում արձանագրվել է 932 մահվան դեպք: Նշված երկրներում վարակված, սակայն այլ երկրներ մեկնած անձանց շրջանում ևս արձանագրվել են եզակի դեպքեր:
Այս հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 1976 թ. Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլի վիրուսն է: Կա վիրուսի 5 ենթատեսակ, որոնք անջատվել են աֆրիկյան տարբեր բնակավայրերում: Բռնկումները բնորոշ են Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի առանձին՝ արևադարձային անտառներին հարակից բնակավայրերին:
Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են: Վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից՝ նրանց հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով: Կաթնասուն կենդանիները, ինչպես և մարդիկ վիրուսի պատահական տերեր են: Առավել հաճախ հիվանդանում են կապիկները և խոզերը: Այնուհետև վարակը կարող է տարածվել մարդուց մարդու՝ արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների հետ անմիջական շփման կամ դրանցով աղտոտված առարկաների հետ շփման միջոցով, ինչպես նաև այս հիվանդությունից մահացածի դիակի հետ շփման ժամանակ։ Էբոլի տենդից առողջացածի օրգանիզմը սերմնահեղուկի հետ մինչև 7 շաբաթ կարող է վիրուսներ արտազատել արտաքին միջավայր: Վիրուսի Ռեստոն շտամը կարող է տղամարդկանց մոտ առաջացնել անախտանշան հիվանդություն: Մարդիկ վարակիչ են, քանի դեռ նրանց արյան կամ լորձային արտազատուկներում առկա են վիրուսներ: Ինկուբացիոն շրջանը մի քանի ժամից (առավել հաճախ 48 ժամից) մինչև 21 օր է:
Ծանր, սուր հիվանդություն է՝ մինչև 90 % մահաբերությամբ: Ընթանում է հանկարծակի տենդով, արտահայտված թուլությամբ, մկանացավերով, գլխացավով, կոկորդի ցավով, փսխումով, լուծով, ցանով, լյարդի և երիկամների ֆունկցիայի խախտումով, ներքին և արտաքին արյունահոսություններով:
Բուժումը ախտանշանային է՝ հիմնականում ջրազրկման դեմ, հատուկ բուժում կամ լիցենզավորված պատվաստանյութով պատվաստում չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ