Արցախ (նաև՝ ԱրձախԱրցախամայր). Մեծ Հայքի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Մայրաքաղաքն էր իշխանանիստ Սոդքը կամ Ծավդեքը, իսկ Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը։ Այլ կարևոր բերդավաններ էին. ԾարըՓառիսոսըՏիգրանակերտը։ Տարածությունն էր 11.528 Կմ²։ Նահագն ուներ 12 գավառ.

  1. Վայկունիք,
  2. Մյուս Հաբանդ,
  3. Բերդաձոր,
  4. Մեծ Կուենք,
  5. Մեծիրանք,
  6. Հարճլանք,
  7. Մովսանք,
  8. Պիանք,
  9. Պածկանք,
  10. Սիսական-ի-Կոտակ,
  11. Քուստ-ի-Փառնես,
  12. Կողթ։

Պատմական տեղեկանք

  1. Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունն զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Ամբողջ արևելքում հայտնի էին Արցախում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ։
  2. Արցախի նախարարական տունը սերված էր Հայկ նահապետի ժառանգ Սիսակից։ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման գործում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Արցախում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ։
  3. 5-ից 6-րդ դդ Արցախը մտնում էր պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ։ Վարդանանց պատերազմի մասնակից Արցախի արյուձին Ավարայրի ճակատամարտում գլխավորում էր Առանշահիկ Բակ իշխանը, որը պատերազմից հետո վերադարձավ Արցախ և այն պաշտպանեց պարսիկներից։
  4. Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից, Արցախի Առանշահիկները 5-րդ դարի վերջում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ ստեղծեցին Աղվանից թագավորությունը, որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը։
  5. 7-րդ դարասկզբին Արցախը և ամբողջ արևելյան Անդրկովկասը ենթարկվում են խազարների ներխուժմանը։ 7-րդ դ կեսից մինչև 9-րդ դարավերջը Արցախը գտնվում էր արաբական տիրապետության տակ։ Արցախի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները արաբների կողմից ճնշվում էին դաժանորեն, դրանց կազմակերպիչներից շատերը աքսորվեցին, սակայն, չնայած դրան, 9-րդ դարավերջում Արցախի իշխանական տան երկու ճյուղերը հզորացան և Բագրատունյաց թագավորությանը ենթակա լինելով՝ ստեղծեցին երկու փոքրիկ թագավորություն, մեկը՝ Դիզակում, մյուսը՝ Խաչենում։ Արցախի նախարարական տան եռանդուն գործունեությունն ու մշակութային բուռն վերելքն անընդմեջ շարունակվեց Խաչենում։ 12-րդ դարի երկրորդ կեսին այստեղ արդեն իշխում էին Առանշահիկ հարստության երեք ճյուղերը՝ Ներքին Խաչենի, Հաթերքի և Ծարա կամ Վերին Խաչենի իշխանությունները։
  6. Մոնղոլների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիությամբ կապված էին Զաքարյան զորապետների հետ և վայելում էին նրանց հովանավորությունն ու աջակցությունը։ Թաթար–մոնղոլների տիրապետության շրջանում Արցախ–Խաչենի բնակչության վրա ծանր հարկ դրվեց։ Լենկթեմուրը 1387–ին ասպատակեց նաև Խաչենը՝ կոտորելով իշխանական տների գրեթե բոլոր նշանավոր ներկայացուցիչներին։ 16-րդ դարավերջին և 17-րդի սկզբին այդ իշխանությունները մանրացել, վեր էին ածվել գավառական վարչական միավորումների, որոնք կոչվում էին մելիքություններ և իրենց մեջ պահում էին հայ պետականության վերջին բեկորները։ Այս մանր պետական միավորումներն էին, որոնք գլխավորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական ու թուրքական բռնապետությունների դեմ։ Արցախի հայկական ֆեոդալական իշխանությունները հարատևեցին մինչև նրա միացումը Ցարական Ռուսաստանին, որը տեղի ունեցավ 1813–ին, Գյուլիստանի պայմանագրով։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել