Երեկ նախավերջին օրս էր այս զարմանալի ուղևորությանս, այսօր արդեն վերադառնում եմ Երևան ու հիմա նստած՝ մեքենայիս սպասելով, մի վերջին անգամ իմի եմ բերում վերջին մի քանի օրերի տպավորություններս ու փորձում կարոտս առնել Արցախից, մինչև մյուս տարի: Ճիշտ ա, հիմա Պյատաչոկի մոտի «Յոլկի-Պալկի» կաֆեում (ի դեպ, շատ կոլորիտային ու կայֆոտ կաֆե ա՝ Մեղեդիից էլ էժան գներով) իսկական կատու կռասկա տվողի տպավորություն եմ թողնում՝ նոութբուքով աշխատելով, բայց դե, ինչպես ասվում ա՝ պետքի վրով ա:ՃՃՃ
Եվ այսպես, երեկ գնացի Շուշի ու Ջդլդուզ (էն որ սարի գլխից հրաշալի տեսարան ա բացվում դեպի ներքևի գեղատեսիլ կիրճն ու հարևան սարը): Ի՞նչ կարող եմ ասել, Շուշին իրոք Արցախի մարգարիտներից մեկն ա ու այնտեղ ավելի շատ տուրիստ (հիմնականում սփյուռքահայ) տեսա, քան այս ողջ ընթացքում՝ Ստեփանակերտում: Ահագին բարեկարգել են Շուշին, ահագին հյուրանոցներ կան, իսկ թուրքերից մնացած մզկիթների ավերակները կոսմետիկ հարդարման են ենթարկում, որ բծախնդիր զբոսաշրջիկների մոտ հուշարձաններ ավիրող վանդալների տպավորություն չստեղծենք:
Ջդլդուզում տեսա տիպիկ հայկական տեսարան. հանգստի կոտում ամենուրեք կարելի է ասել խոզեր էին շրջել՝ դատարկ շշեր, հողով չծածկված խարույկի հետքեր, փաթեթեներ ու այլ զիբիլ: Եվ դա այն դեպքում, որ բոլորովին վերջերս կամավորները այնտեղ մաքրել էին նման խոզերից մնացած նախկին հետքերը... Այ պետք ա բռնես տենց սվինոտներին ու հենց Ջդլդուզից ներքև շպրտես, մեկ ա դրանցից ոչ մի օգուտ չկա:
Վերադառնանք սակայն ավելի լուրջ հարցերի ու մասնավորապես հանրային կարծիքին ու ժողովրդի տրամադրություններին: Այսօր արդեն կարելի է խոսել կամավորականության մասսայական դրսևորումների մասին, որովհետև մենակ արցխյան պատերազմի վետերաններից արդեն հարյուրավոր մարդիկ են մեկնել դիրքեր ու հայրյուրներն էլ պատրաստվում են փոխարինել նրանց այս հերթափոխին: Կամավորականությունը առհասարակկ դարձել է Արցախի գլխավոր թրենդ: Դիրքեր մեկնել ցանկանում են ինչպես վետերաններ ու զինծառայությունն ավարտած ավելի երիտասարդ տղաներ, այնպես էլ մարդկային այն կատեգորիան, ում արցախցիները «Շպանա» են ասում: Ամենքն ունի իր մոտիվացիան, բայց փաաստը մնում է փաստ. եթե այսպես շարունակվի, ապա մի երկու շաբաթ հետո Արցախի մոբիլիզացիոն ռեսուրսի երևի կեսը արդեն դիրքերում կլինի՝ առանց որևիցէ մոբիլիզացիայի:
Մյուս կողմից, անհանգստություն է պատճառում տեղի բնակչության տեղեկատվական գրագիտության խիստ ցածր սանդղակը: Ասեկոսեները այստեղ կայծակի արագությամբ են տարածվում, իսկ վստահելի աղբյուրներից ճշտելու կուլտուրայի մասին խոսք էլ չկա: Օրինակ, դեռ երեկ առավոտը նման թեմա չկար, բայց երեկոյան արդեն ողջ Ստեփանակերտն ու հարակից բնակավայրները քննարկում էին այն հարցը, թե ինչու է Ալիևը հրաժարվել հանդիպել Սերժի հետ, չնայած նրան, որ նման լուր ես ոչ մի տեղ չկարողացա ճարեի: Նույն պատկերն էլ տիրում է շփման գոտուց «եկող» լուրերի հետ: Երեկ սպեցնազում ծառայող ու սահմանամերձ իրավիճակի մասին մանրամասն տեղեկացված ղարաբաղցի ընկերոջս հետ մտել ենք միս առանենք խորոված համար ու տենց մի 17 տարեկան մալակասոս մսավաճառը սենց անհանգստաց-ոգևորված դեմքով մեզ ասում ա «Շատ լարված ա վիճակը ֆրոնտումը, 15 վիրավոր ենք տվալ»: Ընկերս հարցնում ա, թե որտեղի՞ց նման տեղեկություն ու ո՞ր ՊՇ-ում ա եղել նման բան, սա էլ մտածեց-մտածեց, թե բա «Պեռվիյ լինյումը»... Ես ու ընկերս նայեցինք իրար, քմծիծաղ տվինք ու գնացինք:
Իրականում, այս տեղեկատվական անգրագիտությունը կարելի է հաղթահարել ու հաղթահարել բավականին արագ: Դրա համար պարզապես պետք է, որպեսզի պարբերաբար կազմակերպվեն սեմինար-դասընթացներ՝ Արցախի երիտասարդության համար, որոնց շրջանականերում Հայաստանից ժամանած մասնագետները ու տեղեկատվական դաշտի հայտնի դեմքերը կկիսվեն իրենց փորձով ու հմտություններով: Եթե հարցին պետական մոտեցում լինի (առնվազն Արցախի ԱԳՆ մակարդակով, առնվազն բանավոր, նման պատրաստակամություն կա), ապա բավականին համեստ ֆինանսական միջոցներով հնարավոր կլինի շեշտակի բարձրացնել տեղի բնակչության՝ տեղեկատվության հետ աշխատելու հմտությունների աստիճանը:
Մյուս կողմից, այստեղ կա մեծ վստահություն բանակի ու անձամբ Սեյրան Օհանյանի հանդեպ: Սակայն հետաքրքիր մի դիտարկում արեցի, որը կրկնվեց իմ ներկայությամբ տարբեր մարդկանց կողմից: Արցախցիներին, ինչպես և Հայաստանցիներին, գնալով ավելի է նյարդայնացնում այն երևույթը, որ Երևանում ապաշքյարա մեդալներ են բաժանում մարդկանց, ովքեր իրենց կյանքում 10 րոպե չեն անցկացրել զորամասերում: Հա, էս պահին դա երևի 3-րդական հարց է, բայց կարծում եմ այս իրադարձություններից հետո պետք է վերանայել նման պարգևատրումների տրամաբանությունը՝ ընդհուպ մինչև կատեգորիկ արգելելը, որպեսզի բանակում չծառայած քաղաքացիական անձանձ շնորհվեն նման պարգևներ: Ասեմ ավելին, որոշ դեպքերում պետք է պարզապես հետ վերցնել տարբեր անարժաններին շնորհված պագևները...
Մեկ էլ, էլի ու էլի եմ կրկնում, պետք է լուրջ վերանայել մեդիա դաշտի աշխատանքի սկզբունքները: Լարվածությունը նվազել է, բայց չի վերջացել, էլ չեմ ասում տեղեկատվական պատերազմի մասին: Պետք է չճշտված ու բացասական տեղեկատվություն տիրաժավորել: Բոլոր լրատվականներին ու անհատ օգտատերերին, ովքեր ունեն մեծ լսարան, կոչ եմ անում հնարավորինս ճշտել ու համապատասխանեցնել իրենց կողմից տարածվող տեղեկատվությունը ՀԱՏԿԱՊԵՍ ՊՆ-ի ու վստահելի և հեղինակավոր աղբյուրների հետ: Այս շրջանում երբեմն լռելը կամ տեղեկատվությունը քիչ ուշ տալը ավելի նախապատվելի է, քան թշնամական քարոզչական թակարդները մեր տեղեկատվական դաշտում տիրաժավորելը: Արցախի էլ, Հայաստանի էլ հայությունը լավն ա մեծամասամբ, բայց մեր մարդիկ տերմինատորներ չեն, նյարդերն էլ երկաթյա չեն, պետք է յուրաքանչյուրն իր մասով զգա պատասխանատվություն ու հետևի բարոյական նորմերին և ազգային անվտանգության հետ կապված սկզբունքներին:
Դե ինչ, այսքանով ամփոփում եմ իմ ուղևորությունը այս զարմանալի հայ հողը, որին ես անմնացորդ սիրահարվել էի դեռ զինծառայությանս օրոք, իսկ հիմա արդեն կարելի է անգամ մոլուցքի մասին խոսել:Ճ Վերջում, ուզում եմ կոչ անել ցանկացած հայի, ովք չի եղել դեռ Արցախում, անպայման հնարավորինս շուտ այցելել այս զարմանալի երկիր ու մի կողմ դնելով այդ այցի բոլոր տնտեսական, քաղաքական ու բարոյական կողմերը, պարզպես ասեմ, որ ցանկացած ադեկվատ ու հայրենասեր հայի համար անգամ մեկ այցելությունը բավական կլինի հասկանալու, թե ինչո՞ւ էր պետք այդքան արյուն թափել սարերում ծվարած այս երկրային դրախտի համար ու ինչո՞ւ է պետք պահել այն արյան ու կյանքի գնով:



