Բախտավոր ու զարմանալի մարդ էր Անդրանիկը: Իր կենդանության իսկ` իր կյանքը մի հմայիչ առասպել էր, ինչպես Գարիբալդիի կյանքը, որին նա այնքան նման էր:
Մտավորական թե ռազմիկ, հեղափոխական թե սովորական որևէ անձ նրա մասին խոսելիս փնտրում էին միշտ արտահայտության տարբեր, ավելի անուշ, ավելի մտերիմ ձևեր, ինչպես մայրը կաներ իր զավակի հանդեպ:
Մեր ժողովրդի բոլոր խավերի համար Անդրանիկը դարձել էր անքննադատելի և լուսավոր մի դեմք, որ արևի պես ճառագայթում էր արդարության և ազատության ծարավ հոգիներին:
Իր ձեռքի շարժումը լայն էր, տիրական, հայացքը` անխարդախ ու կախարդիչ, խոսքը` անկաշկանդ ու միշտ հրամայական, ձայնը` իշխանական ու անփութորեն հզոր, հակառակ իր թովիչ քաղցրության: Գեղջուկ էր իր ապրուստի եղանակով, իր նիստ ու կացով, իր ուտել-խմելով, իր հոգեկան պարզությամբ, բայց իսպառ զերծ գեղջկական գծուծ նյութապաշտությունից և, մանավանդ ժողովրդին քծնող ստրկամտությունից, նրա համբերատար ոգուց: Սքանչելի մանկական ծիծաղի հետ` անհնարին ցասում ուներ, որպես ամպրոպային Արամազդ: Հախուռն ու հանդուգն իր վճիռների մեջ, նաև խիզախ էր գործերի և վճիռների մեջ:
 

Ավետիս Ահարոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել