1. Ես առաջին անգամ քեզ տեսա մի սենյակում, որտեղ այնքան գեղեցիկ երաժշտություն էր հնչում, որ ոտքերս սկսեցին դողալ: Քո ինքնավստահությունն ու մոխրագույն աչքերը շարժեցին իմ հետաքրքրությունը: Մեղրածոր ձայնդ օրեր շարունակ դուրս չէր գալիս մտքիցս, իսկ քո աչքերը տարիներով մնացին իմ սրտում:
2. Մենք ընկերացանք: Ես փորձեցի շարժվել ուղեղով և ոչ սրտով, սակայն սիրտս պնդեց, որ աչք չկտրեմ քեզնից:
3. Ամռանը մենք ընկերներով նստեցինք քո բամբակյա ներքնակի վրա: Մինչ մեր ընկերները վիդեոխաղեր էին խաղում, դու կիթառ էիր նվագում: Այդ ամենն այնքան պարզ էր, և կիթառն այնքան բնական էր դիտվում քո ձեռքերում, ասես այն քո շարունակությունը լիներ: Դու մտացրիվ դիպար ծնկիս, մինչ պատմում էիր ինձ Քեթիի՝ քո սիրած աղջկա մասին: Սիրտս ալեկոծվեց քո հպումից, սակայն այն չամչի պես սմքեց այդ աղջկա անվան հիշատակումից: Վանկերն արևի ճառագայթների պես էին դուրս գալիս բերանիցդ, սակայն իմ ականջներում դրանք վերածվում էին ապակու բեկորների: Նա չէր նկատում քեզ: Նա երբեք էլ չէր նկատի քեզ: Ես փորձեցի ժպտալ, բայց փոխարենը ծածկեցի դեմքս:
4. Մենք խմեցինք ընկերոջդ տանը և սկսեցինք մեքենայաբար ամեն տեսակ հիմարություններ նկարել գրատախտակին: Մարկուսն ասաց, որ նկարես աշխարհը, իսկ դու նրան նկարեցիր: Ես մի շիշ ջին խմեցի:
5. Ես հիշեցի, թե ինչպես դու ձեռքով հպվեցիր իմ ծնկին, և ողջ սրտով ցանկացա, որ մի օր դու նայեիր ոչ թե ուղղակի իմ դեմքին, այլ ուղիղ աչքերիս մեջ:

6. Մենք մի քանի հոգու հետ քո նկուղում ծխեցինք: Նրանք քնեցին, և մենք վեր բարձրացանք, որպեսզի հանկարծ չարթնացնենք նրանց: Մենք խոսեցինք մեր ընկերության մասին, իսկ հետո դու համբուրեցիր ինձ: Երկինքը ծնկներիցս էր: Ես երանության մեջ փակեցի աչքերս: Դու կարծեցիր, թե ես քնել եմ, ու ինձ գրկած տարար ու թախտի վրա պառկեցրիր: Ես աչքերս չբացեցի: Այդ ամենը չափազանց գեղեցիկ էր իրական լինելու համար: Ես նախընտրեցի շարունակել մնալ երազում:
7. Ես կրկին լսեցի քո երգը ու կրկին սիրահարվեցի քեզ:
8. Քեթին սկսեց հանդիպել քո ամենամտերիմ ընկերոջ հետ: Նրանք առաջին անգամ համբուրվեցին քո նկուղում:
9. Հաջորդ մի քանի շաբաթներին դու սուզվեցիր խոր նիրհի մեջ ու մեկուսացար: Ես փորձեցի օգնել, սակայն դու որևէ մեկից օգնություն չէիր ուզում:
10. Հաջորդ տարի ես սկսեցի հանդիպել մի տղայի հետ, իսկ դու՝ մի աղջկա: Մենք նորից ընկերներ էինք: Մենք դուետ երգեցինք: Ես ողջ ժամանակ նայում էի ունկնդիրների շարքում նստած իմ սիրեցյալի շողշողուն դեմքին՝ վախենալով, որ հանկարծ իմ ու քո աչքերը չհանդիպեն: Ախր քո դեմքն այնքան գեղեցիկ էր, որ եթե նայեի աչքերիդ, արցունքներս չէի զսպի:
11.Ես ամիսներ շարունակ չտեսա քեզ: Ես սիրում էի ընկերոջս ու մոռացա քեզ: Դա գիտակցական որոշում էր:
12. Դու ասացիր. «Արի՛ խմենք հանուն հին ժամանակների»: Ես համաձայնեցի: Մենք քո նկուղում կես շիշ խմեցինք: Մենք զրուցեցինք իմ սուր դեպրեսիայի և քո բաժանման մասին: Դու բռունցքով հարվածեցիր պատին, իսկ ես շղարշով փաթաթեցի վնասված ձեռքդ: Դու ասացիր, որ երբ մենք անցյալ ամառ համբուրվեցինք, դա քո առաջին համբույրն էր: Դու համբուրեցիր ճակատս և ինձ ասացիր, որ ես գեղեցիկ եմ: Ես քեզ ասացի, որ առավոտյան կզղջաս այս ամենի համար, իսկ դու պարզապես ծիծաղեցիր:
13. Հիմա նույն գիշերվա ժամը 4-ն է, և մենք երկուսս էլ սթափ ենք: Ես քեզ համար հաց եմ տապակում, դու միացնում ես Նորա Ջոնսի երգերը և ինձ պարի հրավիրում խոհանոցում: Ես գլուխս կրծքիդ եմ հենում:
14. «Ես սթափ եմ, և դու առաջվա պես գեղեցիկ ես»:
15. Ես լալիս եմ քո թևին հենված, ասում, որ միշտ ցանկացել եմ քեզ: Ես ասում եմ, որ դա արդար չէ, քանի որ ես մեկի հետ եմ, ում չեմ սիրում, իսկ դու վերջնականապես չես մոռացել քո նախկին ընկերուհուն: Ես չեմ թույլ տալիս նրան համբուրել ինձ:
16. Ես ցանկանում եմ համբուրել նրան:



