Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված Նորայր Քամալյանին ընդամենը երեք ամիս էր մնացել զորացրվելու: Նա պայքարել է երեք ադրբեջանցու դեմ, նրանք էլ թողել փախել են: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս պահին էլ, ինչպես և պայքարի ժամանակ, վախ չունի: Նորայրն այսօր բուժում է ստանում ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումների հետևանքով սույն թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է  5 զոհ, 7 վիրավոր: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: 

Դիվերսիայի հետևանքով վիրավորված 19 տարեկան Գրիգոր Գրիգորյանը թեև դեռ ամբողջությամբ չի ապաքինվել, բայց արդեն մտածում է ծառայության վերադառնալու մասին. «Պատրաստ եմ շարունակել ծառայությունս»: Դիվերսիոն հարձակումը, նրա պատմելով, տեղի է ունեցել 02:20-ին: 

«Մենք միշտ զգոն ենք»,- ասաց նա: 

Գրիգորը վեց ամիս է ծառայության մեջ է:

19 տարեկան Վարուժան Մարգարյանն էլ պատրաստ է շարունակել ծառայությունը, վերադառնալ ընկերների մոտ: 

«Մեր պոստում սովորաբար հանգիստ էր, որևէ դեպք տեղի չէր ունեցել: Մենք միշտ զգոն ենք, պատրաստ, որովհետև հակառակորդն անկանխատեսելի է»,- ասաց Վարուժանը:

Բենիկ Օհանջանյանը, ով փրկել է 9 զինվորի կյանք, նույնպես ապաքինումից հետո վերադառնալու է շարք: Նա պատմում է, որ հարձակումը գիշերն է եղել, չի տեսել հակառակորդին, միայն լսել է կրակոցներ, ընկերոջ օգնության կանչը ու սկսել կրակել:

Կապիտան, 31 տարեկան Սարգիս Ստեփանյանը, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բոլոր զինվորներին բարի ծառայություն մաղթեց. «Աստված իրենց հետ»:

Նրա խոսքով, հակառակորդը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է, զինվորը պետք է մշտապես պատրաստ լինի, սպասի ամեն ինչի:

Վիրավորներից Արմեն Պետրոսյանը չկարողացավ զրուցել լրագրողների հետ. նա վիրահատվում էր: Նրա մայրն ասաց, որ վիրահատում են ձախ ոտքը:

Կապիտան Սրափիոն Մելքոնյանն էլ չզրուցեց մեզ հետ. նա հերթական պրոցեդուրան էր ընդունում:

Նշենք, որ վիրավորված զինծառայողներին տեսակցության էին եկել ՀՄԸՄ (Հայ մարմնակրթական ընդհանուր միության) սկաուտական միության անդամները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել