Բանակը ամենանուրբ թեմաներից մեկն է։ Հայ հասարակությունը, որպես կանոն, մեծ հոգատարությամբ, երախտագիտությամբ, պարծանքով և սրտացավությամբ է խոսում հայոց ազգային բանակի մասին։
Բանակի մանր ու մեծ իրադարձությունները միշտ էլ գտնվում են խոշորացույցի տակ։ Ցավոք, եղել են նաև քննադատներ՝ անհատներ, հասարակական կազմակերպություններ, որոնք փորձել են կասկածի տակ դնել մեր զինվորների ու սպաների մարտունակությունը, նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը։
Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր շարքային զինվորն ու գեներալը, անկախ քննադատությունից ու վարկաբեկման փորձերից, իրենց տեղում են՝ հակառակորդից պաշտպանելով նաև իրենց սուր քննադատներին։
Հայոց երիտասարդ բանակը փառքով է կատարում իր առջև դրված խնդիրները։ Նրա համար հաղթահարելի է ամենաժամանակակից սպառազինությամբ հակառակորդը։ Հայոց բանակը հայ զինվորն է ու նրա երդման արարողությունը, զորանոցներն ու զինավարժություններն են, խրամատն ու պատվո պահակախումբը։ Մեզ մնում է միայն գնահատել ու աչքի լույսի պես պահել մեր բանակը, զինվորին ու սպային։