Մարդկային ցինիզմը և հատկապես գերտերությունների ցինիզմը կարծես սահմաններ չունի: Գերտերություններն արդեն իրենց ցինիզմի ավելցուկից աստիճանաբար տոկսիկոզ են ստանում: Կեղտոտ քաղաքականությունը մտել է ամեն տեղ` նույնիսկ անկողին, նույնիսկ եկեղեցի…
Արդեն սովորական են դարձել տնտեսական շրջափակումը, տնտեսական զանազան պատժամիջոցներն ու դրանք գնալով նոր` ժամանակակից բնույթ և որակ են ստանում: Սակայն գիտեք որն է ցավը, որ այդ ամենն արվում է շատ հաճախ մարդակային մեծ արժեքների, վեհ նպատակների շղարշով…
Ինչպես գիտեք, Արևմուտքը Ուկրաինայի դեպքերի հետ կապված պերմանենտ պատժամիջոցներ է կիրառում ռուսաստանցի պաշտոնյաների, քաղաքական, մշակույթի, հասարակական գործիչների և տնտեսական-ֆինանսական կառույցների, գործարարների նկատմամբ: Հիմա էլ Պուտինը հայտարարեց և ստորագրեց պատժամիջոցներ` պատժիչների նկատմամբ: Ռուսաստանն այլևս այդ երկրներից գյուղատնտեսական ապրանքներ, պահածոներ և սննդամթերք չի ներմուծի:
Հիրավի իրար արժանի են, որովհետև նույն զիբիլն են, նույն սանդի կտավը, նույն երկակի, քառակի, բազմակի ստանդարտների ջատագովները և կիրառողները, նույն բազմադեմ տականքները: Եվ մեծ հաշվով թքած ունեն փոքր տերությունների, մարդկային ճակատագրերի, մարդկային մեծաքանակ զոհերի վրա:
Ցինիզմի մեկ այլ գերադրական աստիճան են դրսևորում ԱՄՆ-ը և Եվրամիությունը…Նրանք հայտարարում են. Ռուսաստանի այդ պատժամիջոցները ավելի կբարդացնեն իրավիճակը, ավելի կմեկուսացնեն Ռուսաստանին և ավելի կսրեն իրավիճակը: Ոչ ավել, ոչ պակաս…Բա ինչպես, իրենց պատժամիջոցներն այլ են` անդրծովյան, <<պուպուշ>>, մարդասիրական, առաջադեմ, համամարդկային…Իրենց պատժամիջոցները կարգավորում են, չեն սրում իրավիճակը և չեն մեկուսացնում Ռուսաստանին` ամենևին, ընդհակառակը:
Ինչ անուն տաս, չգիտես…Չնայած արժանի են միմյանց և արդեն զզվեցրել են բոլորին, աշխարհը սարքել են խամաճիկների թատրոն ու կլոունադա:
Սակայն չկա չարիք, առանց բարիքի: Ռուսաստանի այս պատժամիջոցից պետք է հնարավորինս շահած դուրս գա Հայաստանը: Մեր կառավարությունը, գործարարները պետք է արագ ուսումնասիրեն Ռուսաստանի հսկայածավալ շուկան և փորձեն մեր հայրենական ապրանքները լցնեն այնտեղ` սննդամթերք, պահածոներ, գյուղմթերք…
Արևմտյան արտադրողներն էլ հիմա կսկսեն նոր շուկաների փնտրտուքը, այստեղ ևս իրենց լուրջ խնդիրներն ունեն նաև մեր ներկրող ընկերությունները, որոնք կարող են ավելի հարմար գներով ներմուծել Ռուսաստանի շուկայից դուրս մղված ապրանքատեսակները: Կառավարությունն էլ պետք է ստանձնի այս աշխատանքները կազմակերպողի, ուղղորդողի և օգնողի դերը…Այնպես որ, գոնե հիմա մի քնեք, արագ է պետք մտածել և գործել, մրցակիցները շատ են …



