Վերջին օրերին ինձ համար խիստ կարևոր իրադարձություններից մեկը խորհրդարանական ընդդիմության և իշխանության համատեղ հայտարարությունն է՝ թշնամու դեմ միասնական գործելու պատրաստակամության մասին: Առաջին հայացքից հերթապահ հայտարարություն է, սակայն, ընդհանուր առմամբ, դրական երևույթ է, նաև հետաքրքիր «լեզվի թուղթ»՝ պատերազմական իրավիճակում ընդհանուր խաղի կանոններ որդեգրելու մասին:
Երկրորդ, ինձ համար խիստ հուզիչ, իրադարձությանը ականատես եղա այսօր: Թե ինչու հուզիչ՝ նախապատմություն ունի. ինձ համար ազատագրական պայքարի սկիզբը նշանավորվեց նոյեմբերյանցի ոստիկանների՝ ռազմաճակատ մեկնումով: Նրանք առաջինն էին, որ զենք վերցրին՝ հայրենիքը պաշտպանելու և Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան: Դիմադրեցին հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին: Տասնմեկ ոստիկաններ զոհվեցին, ծանր վիրավորված ևս երեքը մահացան գերության մեջ: Զոհվածներից երկուսը քաղաքացիական անձինք էին, որոնք ոստիկանների հետ պաշտպանում էին սահմանները: Ողջ մնացած եւս տասը մարդ գերեվարվեց: Այդ կարգախմբի տղաները իսկապես հերոսացվեցին, որովհետև մեկնեցին առանց բարձրագոչ հայտարարությունների ու գիտակցված...
Եվ այսօր հետաքրքիր իրադարձության ակամա ականատեսը դարձա, որը կրկին ինձ հիշեցրեց այդ հիանալի տղաների, իսկական հայրենիքին ծառայող համազգեստավորների մասին: Մուրացանի հոսպիտալի մոտ տեսա բազմաթիվ ոստիկանների: Անհանգստությունս, թե լրագրողական բնազդս ստիպեց կապնվել հոսպիտալում աշխատող բժիշկ ընկերոջս հետ, ով ասաց, որ տասնհինգ ոստիկաններ, ովքեր արցախյան ազատամարտի մասնակիցներ են,սեփական նախաձեռնությամբ, իրենց աշխատավարձից գումարներ են հավաքել և եկել են վերջին օրերի հայտնի իրադարձությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին տեսակցելու և աջակցելու: Ապրեն իրենք: Գիտենք, թե ինչ ցածր աշխատավարձով են ծառայում այդ տղաները, և նրանց նախաձեռնությունը իսկապես դրվատանքի է արժանի: Հույս ունեմ, որ այսուհետ ականատեսը կլինենք ոստիկանի հենց այդպիսի՛ կերպարի, երբ քաղաքացին պաշտպանված կզգա, ոստիկանը՝ պահանջված...