Imyerevan.com-ը գրում է.

Հայրենական մեծ պատերազմից հետո հազարավոր գերմանացի ռազմագերիներ են ապրել ու աշխատել Խորհրդային Միության քաղաքներում: Նրանցից շատերին վիճակվել է տարիներ անցկացնել Երևանում ու հայաստանյան այլ քաղաքներում: Նրանք արդեն վաղուց իրենց հայրենիքում են, բայց գերմանացիների որակյալ աշխատանքի և հետաքրքիր խառնվածքի մասին պատմություններն ու հիշողությունները դեռ պահպանվում են տեղացիների հուշերում:

Դերենիկ Սարգսյան, 81 տարեկան
Պատերազմը նոր էր վերջացել, ես 18-19 տարեկան տղա էի: Այսօրվա պես հիշում եմ ինչպես էին Սևանի Գոմաձոր գյուղում գերմանացի գերիները կառուցում Սևանի ՀԷԿ-ը: Շենքում, որտեղ հորեղբայրս էր ապրում, տեղակայվեց «Սևանգէսստրոյը», որտեղ շուրջ 300 գերմանացի գերի էր աշխատում: Տարիներ շարունակ, ամեն օր վաղ առավոտյան, նրանք խմբով բարձրա-ձայն երգելով գալիս էին շինհրապարակ ու սկսում շախտաներում աշխատել, որոնք երեքն էին ու գտնվում էին տարբեր տեղերում: Գերիները շախտաներում թունելներ էին փորում, որոնք պետք է գային ու միանային իրար: Ոսկերչի աշխատանք էր, սխալվել չէր կարելի: Այդ 3 թունելի միջով Սևանի ջուրը պետք է գար միանար, որպեսզի պտտվեր ու հոսանք ստացվեր: Գերիներն արեցին այդ աշխատանքը: «Սևանգէսում» հայրս որպես վարորդ էր աշխատում: Մովսիսյան ազգանունով շինղեկ կար. շատ խիստ ու ազդեցիկ մարդ էր: Այդ տարիներին մեր կողմերում գրեթե չհանդիպող ինչ-որ ամերիկյան մակնիշի մեքենա ուներ: Մովսիսյանն իր մեքենան վստահում էր միայն Հանց անունով մի գերմանացի գերու: Հայերը լավ էին վերաբերվում գերիներին, խղճում էին, լավ կերակրում էին: Հիշում եմ գերմանացիների նիստ ու կացը: Նրանք ալյումինե հացամաններ ունեին ու ճաշի ժամին չխկչխկացնելով հաց էին ուտում: Լինում էին դեպքեր, որ շախտաների մեջ գերիները վթարի էին ենթարկվում: Գետնափոր թունելներից հանում էին գերու արյունոտ մարմինն ու սկսում բուժօգնություն ցույց տալ: Գերմանացիները, երբ գերու կարգավիճակում էին, շատ խեղճացած էին, մաշված զինվորական շինելներով կոտրված մարդիկ էին: Այդ գերիների մեջ շատ արհեստավորներ կային, ովքեր կարողանում էին տարբեր նյութերից գեղեցիկ բեզդելուշկաներ պատրաստել: Մերոնք հաճախ էին նրանց դիմում նման բաներ պատրաստելու համար և փոխարենը նրանց լրացուցիչ կերակուր էին տալիս: Մի բանն է զարմանալի. նույնիսկ գերության մեջ գերմանացին մնում է գերմանացի: Նրանք չափից դուրս պատասխանատվությամբ, կարգ ու կանոնով և բարձր վարպետությամբ էին կատարում Սևանի ՀԷԿ-ի սարսափելի ծանր շինարարական աշխատանքները: Երբ նրանց տուն էին ճանապարհում, նրանք մեր տուն շրջանակի մեջ դրած հայելի նվեր բերեցին ի նշան շնորհակալության ու լավ վերաբերմունքի:

Պիղատոս Սարգսյան, 82 տարեկան
Գյումրիում շատ գերմանացի գերիներ կային: Տարբեր մասնագիտության տեր մարդիկ էին բժիշկ, գիտնական, արհեստավոր: Ինչքան ախմախ գործ կար՝ նրանք էին անում: Տանջված, հոգնած, խեղճ մարդիկ էին ու գիտակցում էին, որ միշտ պետք է հնազանդ լինեն, եթե ուզում են ողջ մնալ ու հասնել իրենց երկիր: Գյումրիում Վարդապետի բաղ կոչվող մի այգի կա: Մենք երեխաներ էինք և այդ այգիներում կով, ոչխար էինք պահում: Գերմանացի գերիները մոտենում էին ու խնդրում, որ թողնենք մեր կովը կամ ոչխարը կթեն ու մի բաժակ կաթ խմեն: Համաձայնվում էինք, եթե մեզ իրենց պատրաստած զարդերից էին նվիրում: Նրանց մեջ Հենրիխ Ֆայնբերգ անունով մանկական բժիշկ կար: Հոյակապ մարդ ու մասնագետ էր: Առանց որևէ բժշկական գործիքի, ախտորոշման կամ ռենտգենի, կարող էր նայել հիվանդին ու մաթեմատիկական ճշգրտությամբ ախտորոշել հիվանդությունը: Երբ 1947թ. գերիներին պետք է զորացրեին Գերմանիա, գյումրեցիները խնդրեցին պետությանը, որպեսզի այդ բժշկին չթողնեն գնա: Պետությունը նրան տուն, մեքենա և աշխատանք տվեց, և Հենրիխ Ֆայնբերգը համաձայնվեց մնալ Հայաստանում ու աշխատեց շատ երկար տարիներ: Նա բացի հիվանդությունն ախտորոշելուց մարդու դեմքին նայելով գուշակում էր, թե ինչպիսի մարդ կլինի նա: Երբ որդիս 4 տարեկան էր, բժիշկը նկարագրեց, թե նա ինչպիսին կլինի մեծ հա-սակում ու այդպես էլ եղավ: Տղաս շատ երշիկ էր կերել և թունավորվել էր: Հայրս նրան տարել էր գերմանացու մոտ: Փորացավը միանգամից բուժելուց հետո, նա հորս հարցրել էր այս երեխայի ծնողները գո՞ղ են: Հայրս ասել էր ո՛չ, երեխան իմ թոռն է, հայրը իմ տղան է ու շատ աշխատասեր մարդ է: Բժիշկն ասել էր, որ, միևնույն է, փոքրիկ տղան երբ մեծանա, ծույլ, ալարկոտ, պարազիտ մարդ է դառնալու: Ու այդպես էլ եղավ: Հակառակ իմ աշխատասիրությանը, տղաս ալարկոտի մեկն է: Հենրիխ Ֆայնբերգն ասում էր մարդը կարող է 100 տարուց ավելի ապրել առանց դեղի ու բժշկի, եթե նա սիրում է աշխատել և աշխատում է:

Գագիկ Սահակյան, 75 տարեկան
Հայաստանում միայն գերմանացի գերիներ չէ, որ կային, այլ նաև ռումինացիներ, բուլղարացիներ, հարավսլավացիներ, հունգարացիներ: Նրանց հիմնականում բանվորական աշխատանքների մեջ էին օգտագործում: 1946-47 թվականներին ես 9 տարեկան էի ու հիշում եմ, որ գերմանացի գերիները գլուխ սոխ շատ էին սիրում: Դե մենք էլ երեխա էինք, տնից սոխ ու հաց էինք գողանում ու տալիս էինք գերիներին, որպեսզի նրանք մեզ համար շինարարության փայտի մնացորդներից տուրնիկներ կամ ուրիշ խաղալիքներ սարքեին: Այդ տարիներին Մոսկովյան և Իսահակյան փողոցները որպես այդպիսին չկային, ու մենք այդ տարածքում ֆուտբոլ էինք խաղում: «Նաիրի» կինոթատրոնն էլ չկար: Հենց գերիները փորեցին կինոթատրոնի հիմքը և կառուցելով հասան համարյա 1-ին հարկին: Գերիները փորեցին նաև Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի ու Ֆիլհարմոնիկի շենքերի հիմքերը: Մոնումենտում մեծ ծառատունկ արեցին, Հաղթանակի կամուրջն ու Արտաքին գործերի նախարարության շենքը սարքեցին: 1947-ին նրանց ազատություն տրվեց: Գերմանացիների մեջ դերձակները շատ էին՝ նոր ու գեղեցիկ հագուստ կարեցին ու գնացին իրենց երկիր: Գերիները շատ որակով աշխատանք էին անում: Նրանք գլուխ պահել չգիտեին, վատ գործ անել նույնպես: Ֆիլհարմոնիկի շենքի կառուցման ժամանակ խճաքարը լվանում, փոշին հանում էին վրայից, հետո նոր շաղախում էին ցեմենտ-բետոնի հետ, որ հիմքն ավելի ամուր լինի: Մենք հայերս, շատ բան սովորեցինք նրանցից: Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի կառուցման ժամանակ գերիներից մեկը հոգնել քնել էր աշխատանքի ընթացքում: Նրանց ղեկավարը շարք էր կանգնեցրել բոլորին ու տեսել մեկը չկա: Վախեցել էր, խառնվել իրար, մտածում էր՝ փախուստ է գրանցվել: Բայց ահագին ժամանակ անց տեսան, որ նա պարզապես քնել էր: Մի հուզիչ պատմություն եմ հիշում: 40-ականներին հայ տղա էր ապրում «Երիտասարդական պալատի» մոտի սեփական տներից մեկում: Նա միշտ օգնել էր գերիներից մեկին ուտելիքով, հագուստով, վերաբերմունքով: 2000թ. այդ գերմանացին Հայաստան էր եկել հատուկ տղային գտնելու և շնորհակալություն հայտնելու: Պատմում են նաև, որ գերմանացի գերիներից մեկը 70-ականներին, երբ Հայաստան է եկել, Մոնումենտում գտել ու ճանաչել է իր տնկած ծառը, փաթաթվել է ծառին ու լաց եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել