Hetq.am-ը գրում է.

ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի սադրած միջադեպերի հետեւանքով շուրջ 30 ադրբեջանցի զինվորների մահը կարծես թե դարձել է այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ցնցակաթվածի պատճառ: Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելիս ՊԲ դիրքապահների կողմից ոչնչացվեցին գրեթե մեկ տասնյակ ադրբեջանցի հատուկջոկատայիններ, Ադրբեջանի ղեկավարության ծայրահեղ շփոթմունքի մասին հուշում էր այդ երկրի ռազմաքաղաքական վերնախավի տարօրինակ լռությունը: Ակներեւ էր, որ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումներին նախօրեին ԼՂՀ ՊԲ թիկունք անցնելու հրաման տված ադրբեջանական ղեկավարության բոլոր հաշվարկները ձախողվել էին. ԼՂՀ տարածք անցնելու եւ դիվերսիոն-հետախուզական հաջող գործողությունների փոխարեն ադրբեջանցի դիվերսանտները ստիպված եղան խուճապահար նահանջել՝ մարտադաշտից մի կերպ հանելով սպանվածների մարմիններն ու թողնելով գրեթե ողջ սպառազինությունն ու հանդերձանքը: Սակայն, չնայած պաշտոնական Բաքվի քար լռությանը, իրականությունը կոծկելն անհնար էր. ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից հանրությանը գուժեցին ընտիր ասկյարների ոչնչացման լուրը:

Պաշտոնական առաջին արձագանքը եղավ միայն հաջորդ օրը երեկոյան, երբ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, գլխիվայր շրջելով փաստերը, հաղորդեց, որ ՊԲ հետախուզական ստորաբաժանումների դիվերսիոն-հետախուզական գործողությունը կասեցնելիս զոհվել է 5 ադրբեջանցի զինծառայող: Սուտն այնքան աչք ծակող էր, որ հարուցեց անգամ ադրբեջանական փորձագիտական հանրության տարակուսանքը:

«Ես չեմ հավատում մեր պաշտպանության նախարարությանը,- լրատվամիջոցներին ասել էր ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը,- բոլորը գիտեն, որ հարձակվող կողմը միշտ ավելի շատ զոհեր է ունենում: Կարծում եմ, որ անհրաժեշտ է լուրջ հետաքնննություն՝ պաշտպանության նախարարության ընդգրկմամբ»:

Որոշ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակասելով ինքն իրեն, հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորները զոհվել են եռօրյա համառ մարտերի ընթացքում: Այդ պահից սկսած ադրբեջանական բանակի գործողությունները սկսեցին ընթանալ երկու զուգահեռ իրականություններում: Իրականություններից առաջինում կարելի է համոզված պնդել, որ ադրբեջանական բանակը ստացել էր դեռեւ ս հուլիսի 28-ին դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինակիցների դիմաց ամեն գնով վրեժխնդիր լինելու առաջադրանք:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կենտրոնական ենթակայության հատուկ նշանակության բրիգադներից մեկի դիվերսիոն-հետախուզական խումբը փորձեց Մարտակերտի հատվածում ներթափանցել ՊԲ ստորաբաժանումների թիկունք: Հայտնվելով մեր դիրքապահների ծուղակում՝ խումբը տվեց 6 զոհ եւ 7 վիրավոր ու ստիպված եղավ ճողոպրել՝ մարտադաշտում թողնելով մեծաքանակ հանդերձանք եւ սպառազինություն:

Նույն օրը Ասկերանի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած հատուկ կանխարգելիչ գործողության շնորհիվ շարքից դուրս են եկել հակառակորդի 16 զինծառայող՝ 9 սպանված, 7 վիրավոր:

Հակառակորդը նշանակալի կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղաադրբեջանական սահմանների մյուս ուղղություններում:

Մյուս՝ վիրտուալ իրականության մեջ փաստերը պարզապես նենգափոխվել են: Դիվերսիոն-հետախուզական գործողությունների ձախողված փորձերի հետեւանքով ունեցած երեք տասնյակ ասկյարների մահերը սեփական հանրության աչքերում արդարացնելոււ համար հակառակորդը ձեռնարկել է տեղեկատվական-հոգեբանական հատուկ գործողություններ՝ փորձելով ադրբեջանական ժողովրդին համոզել, որ 1994 թ. հրադադարի հաստատումից ի վեր աննախադեպ կորուստներն ադրբեջանական բանակն ունեցել է հայկական ստորաբաժանումների դեմ մղված թեժ մարտերի ընթացքում: Այդ նպատակով պաշտոնական Բաքվի կողմից վերահսկվող լրատվամիջոցները սկսել են ռազմահայրենասիրական քարոզարշավ: Ադրբեջանական լրատվամիջոցների վերնագրերը հիշեցնում են պատերազմական ամփոփագրեր, ընդ որում, զգացվում է, որ, ջանադրաբար կատարելով «վերեւ ների» հրահանգը, ադրբեջանցի հեղինակներն առանձնապես չեն մտահոգվում անգամ իրենց քարոզչական արտադրանքի արժանահավատության մասին:

«Haqqin.az» կայքն, օրինակ, գրում է զենիթահրթիռային համալիրներով Հայաստանի տարածքին հասցվող հարվածների մասին՝ անտեսելով այն փաստը, որ զենիթային համալիրները նախատեսված են բացառապես օդային թիրախներ խոցելու համար եւ վերգետնյա նշանակետերի դեմ կիրառվել չեն կարող:

«Aze.az» կայքն իր էջում տեղադրել էր Ադրբեջանի կենտրոնական շրջաններից իբրեւ թե ղարաբաղյան սահման փոխադրվող տանկային շարասյուների լուսանկարները: Սակայն տեղեկատվական անվտանգության հայ մասնագետներն արագորեն բացահայտեցին, որ իրականում տեղադրվել են 2013 թ. Ռուսաստանից ձեռք բերված տանկերի առաքման ընթացքում նկարահանված լուսանկարներ:

Վիրտուալ իրականության ստեղծման գործին հընթացս լծվել են նաեւ Ադրբեջանի ազգային հերոսները: ԱՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովը զոհված զինծառայող Իսա Ալմազովի հարազատներին շքանշան հանձնելու ժամանակ ասել է.

«Մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 71 հայ զինվորական, իսկ 80-ը վիրավոր են»:

Ում-ում, բայց գեներալ-լեյտենանտի կոչումով բարձրաստիճան զինվորականին իրականությունը, անկասկած, հայտնի է: Բայց փաստերն իրեն անհրաժեշտ ձեւ ով ներկայացնելու հատկությունը Աքպերովն ամենայն հավանականությամբ ձեռք է բերել դեռեւս Արցախյան պատերազմի տարիներին, երբ նա ադրբեջանական բանակի 777-րդ գումարտակում վաշտի, հետագայում՝ նույն գումարտակի հրամանատարն էր: Աքպերովի «սխրանքներն» իսկապես զարմանահրաշ են: Իր իսկ վկայությամբ Շուշիի մարտը նա «բաց է թողել», որովհետեւ … քնած է եղել հրամանատարական «ՈւԱԶ»-ում: Պատերազմի տարիներից է նաեւ Աքպերովի՝ վերադասին ներկայացրած այս չափազանց ուշագրավ զեկուցագիրը:

«Հայկական ստորաբաժանումները, որոնց կազմում կային սեւամորթ վարձկաններ եւ անգլերեն ու արաբերեն խոսող օտարերկրացիներ, հարձակում են գործել մեր դիրքերի վրա: Համառ մարտերի ընթացքում ոչնչացրել ենք հակառակորդի կենդանի ուժի 70 տոկոսը, սակայն ստիպված ենք եղել նահանջել»:

Գլխովին «ոչնչացված» հակառակորդից նահանջելու սովոր Աքպերովը կարծես թե անբացատրելի հակում ունի 70 թվի նկատմամբ: Ավելի քան քսան տարի հետո մարտական գործողությունները նկարագրելիս նա կրկին օգտագործում է թիվը, երկու դեպքում էլ բացահայտորեն ստելով. առաջին դեպքում՝ վերադասին, մյուս դեպքում՝ իր զոհված զինվորի հարազատներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել