168.am-ը գրում է.
«Հայաստանում ինֆրակարմիր տվիչներ արտադրող կա, անօդաչու սարքեր արտադրող կա, թող մեր պաշտոնյաներն այդքան հիմար չլինեն՝ դրսից չբերեն թանկ-թանկ գներով, եթե կարելի է այստեղ արտադրածն օգտագործել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար, հետախույզ Վովա Վարդանովը։
Նա նշեց, որ ցուցահանդեսներ են անցկացվում, որոնց ընթացքում նա հանդիպել է մարդկանց, որոնք ստեղծում են տարատեսակ տվիչներ, անօդաչու սարքեր. «Այդ համակարգը մշակում են Ամերիկայի և Մեքսիկայի արանքում՝ սահմանին դնելու համար: Ես զարմացած էի. ֆանտաստիկայի ոլորտից էր»:
Վովա Վարդանովի համոզմամբ՝ եթե այսօր մարդկային զգայարանների շնորհիվ և դիրքերում հսկող շների շնորհիվ հայկական բանակը կարողանում է ապահովել մոտ 60-70 տոկոս անվտանգություն, ապա, եթե դրան գումարենք սարքերի կողմից իրականացվող հսկում, ապա կունենանք հզոր պաշտպանություն. «Վերջիվերջո, բացի նրանից, որ խիզախ է, ապրել է ուզում, այդ մարդը, բնական է, չի քնում պոստում: Եթե լինեն անօդաչու սարքերը, գումարած՝ մարդը, մնացած սարքերը, որոնց միջոցով ֆիքսում են, որ մյուս կողմում աշխատանքներ են կատարում, կարող ենք ապահովել 120-160 տոկոս պաշտպանվածություն»:
«Հայաստանում խուճապ չեմ տեսնում: Խուճապ, ընդհակառակը, տեսնում եմ մյուսի՝ Ադրբեջանի կողմից: Համացանցում նույնիսկ կադրեր տեսա, թե ինչպես են իրենք մեքենաներով փախչում իրենց գյուղերից: Իսկ մեր գյուղերում կամ սահմանում ի՞նչ ենք տեսնում՝ մեքենաները բարձած գնում են դեպի սահման: Չգիտես՝ ինչո՞ւ են շշուկներ տարածվում, որ ժողովրդի մոտ խուճապ կա: Շատ լավ նախաձեռնություն է, որ մեր ազատամարտիկները կամավոր դիմում են, որ գնան դիրքեր. սա կոգեշնչի մեր տղերքին, չնայած մեր զինվորները հոյակապ պատրաստվածություն ունեն հիմա»,- այսպիսի կարծիք հայտնեց հետախույզ-ազատամարտիկ Վարդան Ենոքյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



