Պատերազմները միշտ պիտք է հասցնել ավարտին: Այն ավարտվում է հակառակորդի մայրաքաղաքի գրավումով կամ թշնամու անվերապահ կապիտուլյացիայով և խաղաղության համապարփակ պայմանագրի կնքումով: Հակամարտության խաղաղ կարգավորման և պրոբլեմը քաղաքակիրթ, ոչ պատերազմական եղանակով լուծելու պատճառաբանություններով ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի հաստատման մասին համաձայնագրերը, և նման թղթերը կոպեկի արժեք չունեն, մանավանդ մեր պարագայում, երբ ստիպված ես գործ ունենալ միայն իրենց շահերը հետապնդող պոռնիկ միջնորդների և մարդ դառնալու իր ուղին նոր սկսած ու քաղաքակրթության, մարդկային առաքինությունների, բարոյականության մասին իր ուրույն տեսակետներն ունեցող հակառակորդի հետ:
Ավարտին չհասցված պատերազմն է պատճառը, որ մենք, ահա քսան տարի շարունակ, գտնվում ենք ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի վիճակում, և գնալով զիջում ենք մեր դիրքերը: Ե՛վ զինադադարի համաձայնագրի կնքման, ե՛վ դրան հաջորդած բանակցային կոչված գործընթացներում մենք թույլ ենք տվել և շարունակում ենք թույլ տալ բազում աններելի դիվանագիտական սխալներ, որոնց պատճառով մենք հավասարեցվել ենք պատերազմը սանձազերծած, սակայն պարտված ոսոխի հետ, ավելին՝ ագրեսիայի ենթարկված կողմից վերածվել ենք ՛՛ուրիշի տարածքներ՛՛ զավթող ՛՛ագրեսորի՛՛:
Ցավոք, այս քսան տարիները մեզ ոչինչ չեն սովորեցրել: Ահա այսօր էլ: Պարզից էլ պարզ է, որ Ալիևը սահմանային վերջին լայնածավալ դիվերսիոն գործողությունները նախաձեռնել էր, Սոչիում կայանալիք հանդիպմանը սպիտակ ձիու վրա հեծած հաղթահերոսի կեցվածքով ներկայանալու նպատակով: Բարեբախտաբար ուրբաթը շաբաթից շուտ եկավ և համաձայն ճշմարտության հաղթանակի նախախնամության, դերերը փոխվեցին:
Մենք գուցե փոքր, սակայն չափազանց կարևոր հաղթանակ ենք տարել և պարտավոր ենք այն ամրապնդել դիվանագիտական գործերով: Անգամ ամենափոքր հաղթանակը, հոգի ունեցող մարդուն հավելյալ լիցք է հաղորդում, դարձնելով նրան առավել ինքնավստահ ու վեհանձն: Այս առումով, Պուտինի հետ հանդիպման պիտի գնա բոլորովին այլ Ս. Սարգսյան: Հերիք է վզներս ծռենք ու հանդես գանք քաղաքավարի ունկնդրի ու ամեն անարժանի հանձնարարականներով ու խորհուրդներով առաջնորդվողի դերում: Մեր նախագահը պիտի հանդես գա որպես տարածաշրջանային գլոբալ խնդիրների լուծման առումով գերկարևոր նշանակություն ու մեծ ազդեցություն ունեցող պետության ղեկավար, նա պիտի դրսևորի բոլորովին այլ կեցվածք, հաղթող բանակի զորահրամանատարի հատկանիշներ, պիտի հնչեցնի այլ, գուցե խաղաղության հաստատման ուլտիմատիվ պահանջներ… Վերջապես նա պիտի հանդես գա որպես տարածաշրջանում արդարության ու խաղաղության հաստատման գլխավոր երաշխավոր: Ինչ ինչ, բայց ժողովուրդը նրան օժտել է այդ իրավասություններով…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=562709347187839&set=np.32613571.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել