Թուրքիայի փոխվարչապետը ծաղրի առարկա է դարձել  կանանց՝ մի ծիծաղեք ասելու համար. Հարութ Սասունյան Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հերթական պետական պաշտոնյան է, որ հիմարություններ է դուրս տվել:

Այս բարձրաստիճան պաշտոնյան անցյալ շաբաթ մի ելույթում թուրք կանանց քարոզել է բարոյականության իր այլասերված տարբերակը` կոչ անելով նրանց չծիծաղել հանրության առջև... Առընչը զգուշացրել է. «Կինը պետք է իմանա, թե ինչն է հարամ [արգելված] և ինչը ոչ հարամ: Նա բարձր ձայնով չի ծիծաղի հանրության առջև: Կինն իրեն զուսպ կպահի, ուշադրություն չի գրավի և կպահպանի իր կուսությունը»:

«Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիր Առընչը շարունակել է իր մոլեռանդ քարոզները. «Ո՞ւր են մեր աղջիկները, որոնք թեթևակի շիկնում են, կախում իրենց գլուխները և թեքում հայացքները, երբ մենք նայում ենք նրանց դեմքին՝ դառնալով ողջախոհության խորհրդանիշ»: Նա ծաղրել է կանանց` բջջային հեռախոսով կերակուր եփելու և այլ «դատարկ բաների» մասին շաղակրատելու համար: Նմանակելով կանացի ձայնին, նա ծվծվացել է. «Ի՞նչ է պատահել Այշայի դստերը: Ե՞րբ է հարսանիքը»: Առընչը կանանց խորհուրդ է տվել նման անկարևոր հարցերի շուրջ խոսել «դեմառդեմ», այլ ոչ թե հեռախոսով…

Փոխվարչապետի նվաստացուցիչ ելույթը տարածվել է կայծակնային արագությամբ: Ի հեճուկս նրան՝ տասնյակ հազարավոր թուրք կանայք սոցիալական ցանցերում (Թվիթեր, Ֆեյսբուկ և Ինստագրամ) տեղադրել են իրենց քրքջացող դեմքերով «սելֆիները»: Իրենց ծիծաղը դադարեցնելու փոխարեն կանայք ծիծաղել են… փոխվարչապետի վրա:

Առընչի արտառոց արտահայտություններին արձագանքել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում` «Հյուրիյեթը», «Գարդիանը», «ԷյԲիՍի նյուզը», «Դեյլի սթարը», «Նեյշընալ փոստը», «Վաշինգտոն փոստը», «Թայմ» ամսագիրը, «Նյուսուիքը», «Ավստրալիանը» և հարյուրավոր թերթեր, ամսագրեր, ռադիո ու հեռուստակայաններ, բլոգներ ու կայքեր: Մի խոսքով, Թուրքիայի փոխվարչապետը ծաղրուծանակի առարկա է դարձել ամբողջ աշխարհում...

Հաջորդ օրը, կանանց վարկաբեկող իր ելույթի համար ներողություն խնդրելու փոխարեն, Առընչը էլ ավելի է վատթարացրել իրավիճակը, պնդելով, որ իր խոսքերի տերն է և հարձակվել է քննադատների վրա: Նա զարմացել է, թե ինչու են բոլորը ուշադրությունը կենտրոնացրել իր մեկուկես ժամանոց ելույթի միայն այդ փոքր հատվածի վրա: Այնուհետև նա սկսել է ծաղրել հայտնի կանանց. «Կան դերասանուհիներ, որոնք կեղծ ծիծաղում են և իրենց լուսանկարները ուղարկում ինձ: Իսկական ծիծաղը թեթևացնում է մարդուն, սակայն նրանց ծիծաղը շինծու է: Դուք բոլորդ էլ ունեցել եք ձեր աստեղային ժամը, սակայն այժմ, երբ այն անցել է, փորձում եք ուշադրություն գրավել ալկոհոլի և նման կեղծ քրքիջների միջոցով: Թեև լինելով ամուսնացած և երեխաների տեր` կանայք արձակուրդն անցկացնում են տղամարդկանց հետ, լքելով ամուսիններին և երբեք առիթը բաց չեն թողնում մերկ պարելու»:

Սա առաջին դեպքը չէ, երբ թուրք պաշտոնյաներն աչքի են ընկնում նման հիմար հայտարարություններով: Նախկինում Առընչն հայտարարել էր, որ բռնաբարության զոհը երևի թե «ցանկացել է այն»: Նա նաև ասել է, որ ընդունելի է, երբ ծնողները հավանություն են տալիս, որպեսզի իրենց 15-ամյա դուստրն ամուսնանա 45-ամյա տղամարդու հետ: Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, դատապարտելով արհեստական վիժումները, անամոթաբար հայտարարել է. «Ինչո՞ւ պետք է երեխան մահանա, եթե նրա մորը բռնաբարել են: Նրա փոխարեն պետք է մայրը մեռնի»: Իսկ Անտառային տնտեսության նախարարն ասել է աշխատանք փնտրող կանանց. «Մի՞թե տնային աշխատանքը բավարար չէ ձեզ համար»: Եվրամիության հարցերով Թուրքիայի նախկին նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Էգեմեն Բաղիշը, որը հաճախ անhեթեթ հայտարարություններ է անում, ասել է. «Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, չի կարող համարվել ցեղասպանություն, որքան ինձ հայտնի է, սակայն ես այնտեղ չեմ եղել 1915-ին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել