Ի սկզնաէ էր Բանն... Ամեն բան աշխարհում ստեղծվեց Խոսքի միջոցով. «Աստված ասաց, և եղավ...» (Ծննդ. 1:3): Խոսքն Ադամի շուրթերում եղավ Աստծո հետ շփման միակ միջոցը...
Համացանցն ու սոցիալական կայքերն օրավուր ընդլայնում են իրենց տիրույթը` ներգրավելով ավելի ու ավելի շատ օգտատերերի: Լավ է, բազում տեսանկյուններից այն հսկայական հնարավորություններ է ընձեռում մարդկանց ու աշխարհին, բայց... Վերջերս մի մուլտֆիլմ դիտեցի, որն ինձ բավականաչափ զվարճացրեց (որովհետև մեզ տեսա) և սթափեցրեց (որովհետև մեզ տեսա): Մտածեցի, որ սոցիալական ցանցերը իրենց ունեցած օգուտին զուգահեռ ամենամեծ նպաստն են բերում մարդկանց հակասոցիալականացմանը: Բացատրեմ:
Առհասարակ խոսքը, հատկապես բանավոր խոսքը ցանկացած տեսակի հասարակության` սոցիումի համար անբաժանելի և անգամ կազմարար կարևոր հիմք է հանդիսանում. մարդը, լինելով բանական և հոգևոր էակ չի կարող «յոլա գնալ» առանց խոսքի: Ճիշտ է «խոսք» կա նաև facebook-ում, одноклассники-ում, вконтакте-ում, մինչև վերջերս լույս աշխարհ եկած երեսբուքում, այնուամենայնիվ դրանցում «խոսքը» սոսկ գրավոր է` զուրկ զգացունքայնությունից և էմոցիաներից (դրանց տեղը սմայլիկներն են փորձում տալ) զուրկ է ձայնային ելևէջներից, զուրկ է իրական շփումից: Հոգեբանությունը, եթե չեմ սխալվում, շփման և հաղորդակցման տեսանկյունից մարդկանց բաժանում է հիմնական 3 խմբի` վիզուալ (տեսողական), աուդիալ (լսողական), կինեստետիկ (զգայական). երբ որ հաղորդկցման մեջ մարդը տեսնում է զրուցակցին, լսում է նրա ձայնը և հատկապես զգում է նրա հպումը, շարժումը, էմոցիաները, այդ ժամանակ հաղորդակցությունը կարելի է ասել, դառնում է կատարյալ: Սա, հավատացեք ինձ, դեռևս հնարավոր է միայն բանավոր խոսքի միջոցով, իսկ սոցիալական ցանցերն ու վիրտուալ շփումը իրենցից հիմնականում ենթադրում են սոսկ թերի վիզուալը (երբ օրինակ` ֆեյսբուքում տեսնում ես խոսակցի նկարը և կարդում նրա գրած բառերն ու նշանները) կամ լավագույն դեպքում վիրտուալացված վիզուալն ու աուդիալը (օրինակ` սկայպով շփվելու դեպքում): Երկար չփիլիսոփայեմ, եկեք մուլտֆիլմը դիտենք, ու կհասկանաք, թե որքանով ենք հետ մնացել կյանքի իրական ռիթմից և որքան ենք ասոցիալականացվել: Բարի դիտում. ակնկալում եմ ձեր բուռն արձագանքները: