Imyerevan.com-ը գրում է.
Ներկայացնում ենք Արարատը բարձրացած մարդկանց պատմությունները, դժվարությունները, հույզերն ու ապրումները։
Սիրանույշ Օհանյան
Միշտ էլ այդ միտքն ունեցել եմ, սակայն դա ավելի շուտ վերացական երազանք էր: Մինչև մեկնելս վախ կար՝ հանկարծ չստացվի, չհասնեմ գագաթին: Վերադառնալիս դժվար էր համակերպվել այն մտքի հետ, որ մեկ է՝ ոչ մի բան չփոխվեց իմ բարձրանալուց: Մտածում էի՝ տեսնես որ ամեն հայ գնա, մի քար բերի, հնարավոր կլինի՞ տեղափոխել լեռը: Կարծում եմ՝ մի տեսակ ներքին կապով միավորվում են բոլոր բարձրացողները:
Աստղիկ Միքայելյան
Արարատի գագաթին ապրած զգացմունքն աննկարագրելի է.... Տանը շրջանակի մեջ իմ ու իմ Արարատի նկարն է դրված, որ ամեն անգամ կողքով անցնելուց ակամա ժպտամ: Աշխատանքի վայրում նույն նկարն ամրացված է պատին: Հիմա երբ նայում եմ Արարատին, հավատս չի գալիս, որ մի պահ կանգնել եմ նրա գագաթին: Վստահ կարող եմ ասել, որ Արարատ գնալուց առաջ ու հիմա ես նույն մարդը չեմ: Արարատը բարձրանալը կյանքի իրադարձություն է:
Արտակ Բեգլարյան
Արարատի գագաթ հասնելու ճամփան լի էր դժվարություններվ, կարկուտ և ձյուն տեղաց, ճամբարեցինք ձյան շերտի վրա: Այնուամենայնիվ, հաղթահարեցինք ու վայելեցինք դրոշ բարձրացնելու բերկրանքը: ԼՂՀ և ՀՀ դրոշները, որոնք ուսապարկումս հասել են Արարատի գագաթ, այժմ սրբորեն պահում եմ իմ սենյակում:
Համլետ Հովսեփյան
Արարատին սիրահարվել եմ մանկուց, երբ իմ պատուհանից նայում էի նրան ու մտածում. «Տեսնես մյուս կողմում հայեր կա՞ն»: Նախնիներս Մշո Ցրոնք գյուղից են, ուզում էի գնալ այնտեղ ու մի բուռ հող բերել-լցնել նախնիներիս գերեզմանին։ Ճանապարհի ամենամեծ դժվարությունը հոգեկան ճնշվածությունն է. ինչպե՞ս կարող ես լավ զգալ, երբ օտարն է քեզ ուղեկցում դեպի մեր սուրբ լեռը: Բայց ամեն ինչ վերանում է, երբ հասնում ես գագաթին: Հեռախոսիս մեջ միշտ պահում եմ Արարատի նկարները, որ միշտ ու բոլորին ցույց տամ: Ես ապրում եմ Ֆրանսիայում…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ