Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնում Հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների ընտանիքներին և մերձավորներին: «Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի, հերոս զավակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղոթքով պիտի հիշվեն հայորդյաց շուրթերին, և նրանց անմահ հիշատակի առջև սերունդներ պիտի խոնարհվեն», - ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունն է բերում հայոց աշխարհի սահմանները պաշտպանող զինվորներին` մաղթելով, որ Ամենախնամ Աստված պահապան լինի նրանց՝ ապահովության մեջ շարունակելու իրենց նվիրյալ ծառայությունը հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ և բարօր կյանքի համար:
Նորին Սրբության տնօրինությամբ առաջիկա կիրակի հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան պաշտոն զոհված հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար, տեղի կունենան այցելություններ նրանց ընտանիքներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել